Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար մանեթ... անտարակույս, ընդունելուց հետո մի բան դարձյալ պիտո է սևցնել նորան։

— Այո՛, իմ պարոն. բայց դուք շատ լավ իմանում եք այս գործերը: Աշխատավորքը գործարանում անձնատուր են մեզ, ընդունողը արդեն հառաջուց պատրաստված... ոչինչ երկյուղ չկա: Եթե կը ներեք համարձակությանս, դուք բավական օգուտ կստանաք այս գործողութենից։

— Հը՛մ, բավական օգուտ,— կրկնեց քթի տակից պարոնը,— բայց ի՛նչ արժե ինձ այդ օգուտը. և ի՛նչ է մնում նորանից ինձ սեպհական։ Այս մինին բերանը ծեփիր, այն մյուսին ընծա տուր... իսկ ո՛րքան դողալ հարկավոր է, մինչև այդ բոլորը ամենայն ապահովությամբ կանցանե ձեռքից։ Ամենայն անգամ ես գիտեմ, թե ինչ եմ կրում. դեպարտամենտի դուռերը մաշվեցան։

— Է՛հ, ձեզ գիտեն...

— Գիտեն, գիտեն, բայց առաջին ժամանակները չեն այժմ. ասես թե իմ աստղը վայր է ընկել երկնքից։

Պարտականություն կա մեր վերա, պարզելով այս խոսակցությունքը մի փոքր հասկանալի կացուցանել մեր ընթերցողներին բանի խորհուրդը։

Պարոն Հովնաթանյանցը յուր վերա էր առած տերութենական հիվանդանոցների համար պատրաստել, չգիտեմ թե որքան կլայեկյա անոթներ և ամաններ։ Այժմյան հոգաբարձության խորհուրդը այն էր, որ հարյուր քառասուն փուդ արճիճ խառնվի կլայեկի մեջ։ Սորա հետևանքը լինելու էր այն, որ կառավարությունը այդ արճճի քանակությունը պիտի ստանար որպես անգլիական կլայեկ։ Կարծում ենք, թե այժմ կը հասկանան մեզ, մանավանդ նոքա, որ փոքր ի շատե գաղափար ունին կլայեկի և արճճի արժողութենների վերա:

Մինչդեռ խոսում էր պարոնը յուր գործակատարի հետ, ամենայն զգուշությամբ բացվեցավ նախասենեկի դուռը։ Պարոն Հովնաթանյանցի առաջև դրած սեղանի վերա վառվում էին երկու ճրագ, որ չէին լուսավորում տան հեռավոր անկյունը, ուր բացվեցավ դուռը. այս պատճառով ևս, դուռը բացվելուց հետո, շեմքի վերա երևեցավ միայն մի մառախլապատ կերպարանք։ Այս կերպարանքը երկու քայլ հառաջ սողալով դեպի խոսողքը, հետ գնաց հանկարծ երեք քայլ: Պարոն Հովնաթանյանցը չտեսավ և չնկատեց այս կերպարանքը, բայց նորա պատահական հայացքից դեպի դռան կողմը

333