Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարսափեցավ կերպարանքը և ասես թե հառաջուց գուշակեց որոտալու կայծակները։

Մի ճնշված, խեղճ ողորմելի սիրտ ամենայն վայրկյան, հարյուրներով զարկում էր այդ կերպարանքի մեջ։ Նորա սրտի և հոգու խռովությունը անցել էր չափից, հուսահատությունը սրտապնդեց նորան և նա հառաջ եկավ ոտքի մատների վերա երեք քայլ։ Նորա այդ երեք քայլափոխությունը կատարվեցավ հինգ րոպեում, հետո սոսկաց հանկարծ և մի վայրկենի մեջ, այնպես սաստիկ հետ գնաց դեպի դուռը, որ անզգուշաբար զարկվելով և աղաղակ հանելով, դարձուց պարոնի ուշադրությունը դեպի այն կողմը։

— Ո՛վ է այդտեղ,— գոռաց պարոն Հովնաթանյանցը բիրտ ձայնով։

Այս հարցմունքից հետո չէր կարելի այլևս ծածկվել, պիտո էր հառաջ գալ, և կերպարանքը, գլուխը կախած ստրուկի պես, մոտեցավ սեղանին։ Դա մի ծառա էր, որ չորս ամիս ոչինչ վարձ չստանալով և հասած լինելով վերջին տառապանքի և նեղության, եկել էր խնդրել յուր անցած ծառայության վարձը։

— Ինչո՛ւ ես եկել,— հարց արեց պարոն Հովնաթանյանցը։

— Պարոն, — պատասխանեց ծառան դողալով, — խնդրեմ, եթե կարելի է, շնորհեցեք ինձ տասն արծաթ։

— Ի՛նչ հաշվով տասն արծաթ. ինչի՛դ է հարկավոր այդքան մեծ գումարը...

— Պարոն, ես չորս ամիս է, բան չեմ ստացած. ամիսը հինգ մանեթով, արդեն քսան մանեթ պատկանում է ինձ. բայց ես չեմ համարձակվում այդքան խնդրել, առժամս հերիք է տասն արծաթը։ Խնդրում եմ, ոտքերդ համբուրում եմ, մի մերժեք ինձ, ես աղքատ տղա եմ...

— Այդ բոլորը լավ, բայց ամսական հինգ մանեթի անուն տվեցիր, այդ ի՛նչ հինգ մանեթ է։

— Իմ ամսական ծառայության վարձը։

— Քեզ ո՛վ է կարգել հինգ մանեթ թոշակ. քո պես ծառան դեռ կերած հացի համար ևս պիտո է մի բան վճարե տիրոջը։

— Պարոն, աղաչում եմ, արդարադատ եղիք. մի՞թե վատ ծառայեցի մինչև այժմ, կամ մի՞թե այժմ զանցառու եղա իմ ծառայական պարտականությանը։ Ո՞չ ապաքեն դուք ինքներդ գովեցիք ինձ, մինչ ես երկու միլիոն կանգուն տասներկու կոպեկանոց կտավը, որ գնել էի իմ ձեռքով, տվեցի պաշար ընդունող աստիճանավորին նշանակած տասն և ութ կոպեկանոցի տեղ։

334