Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի ճարտարապետի ճակատը, ասելով.— վեր առ այս ներողության կոնդակը և փակիր սորանով առաստաղի ծակը. կան մարդիկ, որ հավատում են, թե սորա գրողը կարո՛ղ է երկինքը փակել. տարակույս չկա ուրեմն, որ նորա ձեռքի գիրը կարող է փակել դժոխքի մի ծակը, մանավանդ այդքան խավար և անթափանցելի մտքերի միջով, որ պարունակում է յուր մեջ այդ կոնդակը, չեն կարող անցանել արեգակի ճառագայթքը, որ անհանգիստ առնեին իմ աչքերը։

Այս սաստիկ ձգված կոնդակը մտավ անցավ ճարտարապետի դատարկ գլխից ամենևին այնպես, ինչպես թռչում և անցանում է համալսարանի բովանդակ ուսման ընթացքը մի քանի ուսանողների պարապ գլխից, հետքը մինչև անգամ չթողնելով, և ընկավ ճարտարապետի քամակում հատակի վերա։ Ճարտարապետը ժպտեցավ, գլուխ տվեց և վեր առավ քավության մագաղաթը առաստաղի ծակը փակելու համար։

Մի անապատական, որ աշխարհի փորձություններից ազատվելու համար դժոխք էր գնացել, որպեսզի ապահովե յուր անձը, ականջին ասաց մի դևի, որ կանգնած էր յուր մոտում, թե այս ժլատ սատանան այնպիսի կարծիք ունի ճարտարապետության վերա, ինչպես Ս.... ուսումնականության վերա։

— Զարմանք չէ,— պատասխանեց դևը,— նա առհասարակ թշնամի է ամենայն լուսավորության....

— Ի՜նչ... — ձայն արձակեց սատանան, որ ամենայն տեղ ունի յուր լրտեսները և ամենայն բան տեսնում է և լսում է,— ասացի՜ք.... դեռևս համարձակվում եք դատողությո՜ւն առնել.... եկե՛ք իմ մոտ, թշվառականք, ես ձեզ ցույց կտամ դատողություն առնել իմ դժոխքի մեջ։

Այն դևերը, որ կարգված էին դահլիճի բարեկարգությունը պահպանելու համար, բերեցին սատանայի մոտ այս իմաստասիրության աշակերտները: Սատանան բռնեց առաջինի մազերից, բարձրացրեց օդի մեջ, փչեց նորա քթումը և ասաց.

— Գնա՛, անպիտան, դեպի գեհյանը և այստեղ ամենայն վայրկյան երկու անգամ փռնգա 3333 տարի. և դո՛ւ, աներկյուղ փիլիսոփա,— ասաց նա դառնալով դեպի երկրորդը, նստի՛ր նորա մոտ և ամենայն փոնգալուն առողջություն ասա՛ նորան։ Գնացե՛ք կորե՛ք, հիմարներ:


348