Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սատանան սորանից հետո դարձավ դեպի յուր Բեհեղզեբուղ վեզիրը և հարց արեց օրական կարգի մասին: Վեզիրը հայտնեց, թե այն օրին պարտական էին հայտարարությունք կատարել, արհի նախագահը, ապստամբության և խռովության առաջին դուքսը, օրագրության ոստիկանը, գրականության մեծ դևը և ամուսնական գործերի գլխավոր կառավարիչը։ Բացի սորանից այսօր տարեգլուխ է մի քանի նզովյալների, որոնց հավատարիմ և գովանի ծառայությունքը դժոխքին պիտո է հրատարակվեին պաշտոնական կերպով, և արժան էր վարձատրել այդ նզովյալները։

— Հառաջ թո՛ղ հայտարարությունքը կատարվեն,— ասաց սատանան, արդյոք այն պատճառով թե ցանկանում էր նոր-նոր և զանազան ծանոթությունը ստանալ, թե շատ ժլատ լինելով պարգևատրելու մասին, այնքան սրտով չէր կատարելու հիշված տարեգլուխը։

Վեզիրը գլուխ տվեց խոնարհությամբ և համբուրեց տեր սատանայի պոչի ծայրը։

— Թո՛ղ հանդես գա ապստամբության և խռովության արհի նախագահը,— ասաց սատանան:

Գ

Հառաջ եկավ մի անպիտան, պատառոտված, վիրավոր, կեղտոտ, անճոռնի, մազերը և բրդերը խառնափնդոր, մի աչքը փորած, մի կոտոշը կոտրած ծեր դևը ճանկերը բորենու ճանկերի նման, ատամները առանց շրթունքի, ինչպես դիակը լինում է. մի մեծ սպեղանի դրած պոչի տակում թևերի տակին երևում էր մի խուրձ թուղթ, արյունով և ցեխով ապականված, ըոտուցր կախած մի սուր և երկու թափանչա. ձեռքումը մի գավազան և ժանգոտ հրացան առանց հրացայտի, ծոցերը լիք մանր քարերով և խորտակված շիջի կոտորակներով։ Ամենայն ոք, որ մինչև անգամ չէ եղել Փարիզում, իսկույն, տեսածի պես, այս դևը կը ճանաչեր նորա դեմքից, թե՛ սա չար ոգի էր խռովության, ապստամբության և հեղափոխության, որի անունը Աստարոտ։ Հառաջ եկավ Աստարոտը, գլուխ տվեց սատանային և, առավել հարգություն ցույց տալու համար, երեք անգամ պտույտ եկավ օդի մեջ։

— Ի՞նչ նոր բան ունիս,— ասաց խավարի իշխանը։

— Հավատարմություն դեպի Ձեր մռայլության գահը, որ

349