— Վերջից դեպի սկիզբը,— ասաց սատանան,— ես սիրում եմ վիպասանություն. այնտեղ ամենայն բան մութն է ու զարհուրելի, և ամենայն երկու-երեք բառից հետո պատահում են անպատճառ մռայլ և խավար բառեր. այդ իսկապես իմ սիրածն է և ինձ է պատկանում։
Բուբանդուսը պատրաստվում էր կարդալ, սատանան ասաց.— Նստի՛ր, իմ պատվական Բուբանդուս, որ քեզ ավելի հեշտ ու հարմար լինի կարդալ։
Բուբանդուսը դարձավ դեպի նա քամակով և գլուխ տվեց մինչև ի գոտին։ Երկրի տակումը այս բանը շատ ընդունելի է և շնորհակալության գլխավոր ցույց դեպի այն մարդը, որ հրավիրում էր նստել։ Բուբանդուսը նայելով չորս կողմը և ոչինչ տեղ չտեսանելով աթոռ, որի վերա կարելի էր նստել, հանեց յուր գլխից թղթյա գդակը, դրեց հատակի վերա և թռավ նստավ նորա դրոշակի ծայրումը այնպես հաջող, որ հանդիպեցավ ամենևին առանցքի կենդրոնին, ուստի և ամրացավ, հանդիսավորությամբ հանեց թղթակրից յուր գրածը, բռնեց թուղթը գլխիվայր, փռնդաց, սուլեց և սկսեց կարդալ վերջից դեպի վեր վիպասանական ձևով.— և այլն, և այլն, և այլն և այլն, ծառա խոնարհ ձեզ։ Չէ կարելի կառավարել ժողովուրդը ուրիշ կերպով...
— Եվ այլն, և այլն, և այլն... բացագանչեց սատանան, ընդհատելով ընթերցվածը. — վեզի՛ր, լսեցի՞ր դու սորա սկիզբը. ե այլն, և այլն, և այլն...: Մեր Բուբանդուսը իրավ որ տեղյակ է շարադրելու. մինչև այժմ վիպասանական դրվածները սովորաբար սկսանվում էին՝ արդ, քանզի՜ և արդ, իբրև հորժամ, առ բառերով, և մինչև այժմ ոչ ոք այդպես համարձակաբար չէր սկսած և այլնից։
— Վիպասանությունը, գեղեցիկ գործ է, հիանալի է, Ձեր մռայլություն,— ասաց վեզիրը գլուխ տալով։
— Այսուհետև, բոլոր գործերի մասին, ես քո հետ ուրիշ կերպ չեմ խոսելու, եթե ոչ վիպասանաբար, այսինքն ընդհակառակը։
— Շատ բարի,— պատասխանեց վեզիրը. իրավ որ իսկական դժոխային գիտությունը այլ ոճով չէ կարելի բացահայտել, եթե ոչ վիպասանական ոճով։
— Ի՛նչպես մինչև այժմ չէինք հասկացել այս բանը... ես միշտ սիրում եմ վիպասանություն։