Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կանգնի՛ր,— գոռաց սատանան և նորա աչքերը վառվեցան ինչպես փայլակն,— կանգնի՛ր, հերիք է. դու ինքդ կը մնաս իմ մոտ հիմարացած ու խաբված. ի՞նչպես համարձակվում ես դու ասել ինձ «իմ մռայլություն»... չկամիմ այլևս լսել քո վիպասանական ոճը. կարդա՛ ճարտասանական ոճով, սկզբից դեպի վերջը։

— Այստեղ բանը Ձեր մռայլության վերա չէ, այլ ժողովրդի վերապատասխանեց լեղապատառ օրագրության ոստիկանը,— վիպասանական ոճը ունի այն հատկությունը, որ ամենայն պարբերության վերա հարկավոր է լավ մտածել, մինչև լավ իմանաս նորա միտքը։

— Բայց ես, նույն այդ վիպասանության վերա ևս չկամիմ մտածելպատասխանեց դժոխքի թագավորը բարկացած,— ի՛նչ հարկավոր է ինձ այդ փորձանքը, ես ամենևին չեմ հասկանում ձեր վիպասանությունը, այդ բոլորովին ստաբանություն է. այնպես չէ՞, իմ ծայրագույն վեզիր։

— Ամենևին ճշմարի՛տ է ձեր ասածը,— պատասխանեց Բեհեղզեբուղը գլուխ տալով։

— Լսվա՞ծ բան է, կարդալ ու մտածել, կամ կարդալով մտածել. բացի դորանից հավելացրեց դևերի թագավորը,— ես նկատում եմ այդ ոճի մեջ միանգամայն հանդուգն դարձվածներ, հիմար և անպարկեշտ ձևեր, որ երբեք չեմ տեսել ճարտասանական արձակախոսության մեջ. այնտեղ ամենայն բան հարթ, խաղաղ, խոնարհ և ամենախոնարհ...։

— Անտարակույս,— հաստատեց վեզիրը,— վիպասանական ոճը սեպհական է վատնողների, կռվարարների, ապստամբների և լուսնոտների. իսկ մեծ մարզերի համար, ինչպես դուք եք, ճարտասանական ձևը ավելի պատկանավոր է. գոնե չէ նեղացնում և չէ ծանրացնում կարդացողի կամ լսողի գլուխը։

— Իմ ծայրագույն վեզիրը շատ ուղիղ է դատում,— ասաց սատանան փառահեղությամբ, ես շատ մեծ մարդ եմ... կարդա՛ ինձ ճարտասանական ոճով, առանց ծանրացնելու իմ գլուխը և խրտնեցնելու իմ երևակայությունը։

Բուբանդուսը ուղղեց թուղթը ինչպես հարկն էր և սկսեց կարդալ սկզբիցը։

361