Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնով և հասուց Բուբանդուսի երեսին մի ապտակ, մի այնպիսի ապտակ, որի զորութենից գեղեցկախոս ճարտասանը, որ նստած էր գդակի դրոշակի առանցքի վերա, սկսեց այնպիսի սաստկությամբ պտույտ գալ, որ տեսանողը կը կարծեր, թե պտուտվողը մի թերաթափանցիկ գունդ է, և այսպես պտուտվեցավ նա մի ամբողջ շաբաթ, մի րոպեում կատարելով յուր առանցքի վերա 666 դարձված. պատճառ, սատանայի ապտակի զորությունը, համեմատելով մեր շոգեշարժ մեքենաների հետ, հավասարվում է 17 38 ձիու և մի մատակի զորության։

— Զարմանք բան է,— ասաց սատանան, դառնալով դեպի յուր վեզիր Բեհեղզեբուղը,— ի՛նչ տեսակ գրում են դոքա այժմ. կարդա ինչպես կամիս, սկզբից դեպի վերջը, վերջից դեպի սկիզբը վիպասանական թե ճարտասանական ձևերով, այնուամենայնիվ դուրս կգա միևնույն հիմարությունը կամ լրբությունը... Ինձ խորհուրդ է տալիս անզգամը քաղաքական պաշտոնական օրագիր շինելու համար, բերել տալ ֆրանսիական, անգլիական օրագիրներ. դոքա ի՛նչ դժոխքի բաներ են, մանավանդ ինչ հատկություններ, որ այդ անպիտանը տալիս էր օրագիրներին, բոլորը սուտ են, և կամի իմ աչքը ներկել։ Դժոխքի, և առհասարակ իմ խավար թագավորության առաջին թշնամիքն են օրագիրները և լրագիրները, նորանից օգուտ չունի իմ հայրենի գահը։ Բացի սորանից, ինչ հարկավոր է մեզ դժոխքում քաղաքական պաշտոնական օրագիր շինելու համար բերել տալ այդ օրագիրքը, եթե այդպիսի հարկավորություն զգալի է դժոխքի համար, մեզ ավելի օգտակար է բերել տալ այն տետրակները, որ աննշան և խելացնոր մարդիկ դուրս են տալիս ժամանակ առ ժամանակ, առանց օրագիր անունը վերան դնելու, որպես թե յուրյանց խելքով խաբում էին կառավարությունը և ժողովրդի առաջև հանդիսանում էին մի երևելի գործակատար մատենագրության մեջ։

— Ես ասում եմ և հաստատում եմ, թե օգտակար կլինին դժոխքի համար այս տետրակները, նախ այն պատճառով, որ ոչինչ չեն պարունակում յուրյանց մեջ բացի հիմարութենից, որ մեզ ավելի ձեռնտու է. ըստ որում իմաստությունը լույս է, մեր թշնամին է, իսկ հիմարությունը՝ խավար, որ իմ սիրական ծնողն է. երկրորդ՝ օգնելով այդ տետրակների հեղինակներին, մեք գրավում ենք մեր կողմը այն իրավունքը, որով այդ տետրակներից մի քանիսը պիտո է նվիրվեին մեր անունին և մի քանի ուրիշների մեջ մեր

364