Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ետ յողջակեզ դժոխոց,
Այլ և բազմաց առաջնորդ
Հանդիսացաւ յայս հուր, բոց:
Ցնծա՛, դժոխք, յաւիտեան,
Ցնծա՛, քեզ փառք յաւիտեան,
Կաց հաստատուն անխռով
Ի քում խաւար զօրութեան:


Այս երգեցողության հետ միասին լսվում էին շատ կողմերից զանազան դժոխային գովասանական խոսքեր ծայրագույն Բրամինի մինչև այժմ ջատագովված արժանավորության վերա։ Այս խոսակցությունքը վերջացան տաղի հետ միասին։ Տիրեց րոպեական լռություն։ Դժոխքի այն ահագին տարածության մեջ, բորբոքված ծծմբալճի լուսովը միմիայն տեսանելի էր տեր սատանայի աշտարակաձև սևացած գահը և դևերի անհամար բազմություն նորա չորս կողմում. ծայրագույն Բրամինը յուր հասակի կարճությամբ չէր երևում նոցա մեջ, որովհետև հանդիսապետը[1] հրամայել էր նորան ծունկ չոքել տեր սատանայի գահի ոտքումը։ Ոչինչ տեղից չէր լսվում ձայն կամ աղաղակ ամենեքին լռվել էին դժոխային լռությամբ, որովհետև խոսելու կարգը հասել էր տեր սատանային։

Եվ ահա վեր կացավ անդնդապետը նստած տեղից. նա յուր ներքին ուրախությունը ծածկում էր երեսի արտաքին թթու կերպարանքի տակ. շատ ուրախ էր, որ այս ծայրագույն Բրամինը չէր այն սատանայապետը, որ խոստանում էր ավանդությունը։ Դժոխքի թագավորը ձեռքը ձգելով, այսպես սկսեց խոսել.— Ընդունեցե'ք այդ ծայրագույն Բրամինը այն օթևանի մեջ, ուր բնակվում է նորա նախահայր Քամը, արժանի՛ զավակ արժանի հոր. գնա՛, որդյակ, գնա՛ հանգստացիր այն չարչարանքների փոխանակ, որ չարչարվեցար դժոխքի փառքին համար աշխարհի երեսին։

Այն դևերը, որ կանգնած են կատարելու տեր սատանայի հրամանը, իսկույն վեր առեցին ծայրագույն Բրամինը, տարեցին դեպի այն բնակարանը, որի շինության համար հավաքել էր այնքան արծաթ։

Սատանան ավարտելով այս հանդեսը ձեռք ձգեց չորս կողմը և ահա դժոխքի բոքոր փառքը անհայտացավ, և ինքը գտանվեցավ յուր առանձնարանի մեջ։

381
  1. Церемонимейстер.