Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդական լեգենդի։ նալբանդյանը դրան կարող էր ծանոթացած լինել Գերցենի միջոցով, վերջինս այդ բանաստեղծության բնագիրը, ռուսերեն արձակ թարգմանության հետ, բերում է իր «Եղելություններ և խոհեր» մեմուարների 37-րդ գլխում, որն սկղբնապես տպագրվել է՝ «Нолярмая звезда», 1859, № 5։ Իսկ Նալբանդյանի երգը առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1861 թ. № 11-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ, այնուհետև՝ ((Իտալացի աղջիկ» խորագրով, «Մեղուի» 1861 թվականի № 147-ում։

Բոլորովին վերջերս Միքայել Հակոբյանը հանդես եկավ մի ենթադրությամբ, թե Նալբանդյանն իր «Երգի» համար կարող էր մղում ստացած լինել հայկական աղբյուրից, այն է՝ Ստ. Ոսկանի «Արևմուտքից»։ Ահա խնդրո առարկա տողերը. «Մայր մը իր երեք որդիքը որսորդ ըրեր է և իր բոլոր եկամուտը որսալու զենքի համար կնվիրե։ Փափկասուն քույր մը իր ձեռքով բաներ է դրոշը, որ իր եղբոր հանձնվեր է...»։ Այս վարկածը կարող էր հավանական համարվել, եթե անտեսվեր «Իտալացի աղջկա երգի» գրության թվականը, այն գրվել է 1859-ի հունիսի առջին կեսին, գերմանական Ջոդեն բնակավայրում, մինչդեռ Ոսկանի թերթի այդ տողերը լույս են տեսել «Արևմուտքի» հուլիսի 1-ի համարում (հմմտ. «Սովետական գրականություն», 1978, № 2, էջ 145—149)։

Այս բանաստեղծությունն ամենալայն ճանաչում է գտնում անմիջապես։ Այն արտասանվում է ու երգվում ամենուր, մտնում երգարանների, դասագրքերի ու ժողովածուների մեջ, դառնալով համազգային սեփականություն։ Նրա հայրենասիրական, ազատասիրական գաղափարները թափանցում են հասարակության լայն շերտերը։ «Իտալացի աղջկա երգը» բառիս լայն իմաստով հռչակում է հեղինակին, դարձնելով նրան մեր ամենասիրված բանաստեղծներից մեկը:


<ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ>

(էջ 110)

Բերվում է «Հիշատակարանից», որի համապատասխան հատվածը լույս է տեսել «Հյուսիսափայլի» 1859-ի № 9-ում։ Ապա՝ «Ազատություն» խորագրով, արտատպվել է «Մեղուի» 1860 թվականի № 109-ում, առանց ստորագրության։

Դեռևս ութսունական թվականներին հայկական մամուլում այն կարծիքն է հայտնվել, թե թարգմանություններ են Նալբանդյանի «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» և «Ազատությունը»։ «Նմանապես Նալբանդյանցի «Ազատություն» բանաստեղծությունը, որ դարձել է այժմ ազգային երգ, համարյա բառացի թարգմանություն է.... երևելի ռուս բանաստեղծ Ն. Օկարևի (նույն անվամբ) հեղինակութենից, բայց, ինչպես թարգմանություն, կասես թե ինքն է ստեղծել» («Մեղու Հայաստանի», 1882, № 73)։ Բանավիճելու կիրքը «Բարեկամ» անվան տակ թաքնված գրասերին մղել է «բառացի թարգմանություն» համարելու մի գործ, որ անպայման ինքնուրույն է։ Օգարևի բանաստեղծությունը պարզապես մղում է հանդիսացել։

«Ազատություն» բանաստեղծության տպագրության պատմությունը հայ արգելված գրականության տպագրության ցայտուն օրինակ կարող է համարվել։ Չնայած արգելքներին, այն արտասանվել է ու երգվել, տարածվել ամենա բազմազան եղանակներով։ Այդ վերաբերում է ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանին:

438