Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հայոց ազգի ժողովրդական լեզուն մի անմշակ անմարդացած լեզու լինելով, չունի դեռևս այն բոլոր ձևերը, այն լոգիկաբար կապակցի պարբերությունքը, որոնցով հարազատորեն կարելի էր ամենայն եվրոպական գաղափար թափել հայերենի մեջ։ Այո՛, կարծում ենք, և այն հաստատապես, որ մեր դարու հայ մարդը շատ և շատ բաների մասին գաղափարք չունենալով յուր մեջ, իհարկե չունի և դոցա հայտարար բառերը և ձևերը. և այդ պատճառով եթե նա լսում է անծանոթ գաղափարներ հայոց աշխարհաբառ լեզվով և եվրոպական լոգիկայի ազդեցության տակ լուսաբանած, սկզբումը իհարկե պիտո է նորան օտար թվին դոքա, որովհետև հայը ո՛չ գաղափարներին է տեղյակ և ո՛չ ևս ձևերին. այսինքն դեռևս չգիտե նա խոսել, ուրեմն և չգիտե մտածել։ Բայց այդ բանի մեջ մեղավոր էր միայն ազգի անկրթությունը, և ո՛չ հեղինակը, որ արդարև ունենալով յուր մեջ գաղափարներ, ունի դոցա համար և ձևեր, առած նույնիսկ ազգային լեզվի աղբյուրից և ո՛չ թուրքից և թաթարից, ինչպես ըստ մեծի մասին ժողովրդի բարբառն է։ Մեր հույսը հաստա՛տ է, որ այսպիսի հեղինակի գրչի տակ մեր ժողովրդական լեզուն կստանա առավել քաղաքացություն և օր ըստ օրե կմոտենա յուր նպատակին-գեղեցիկ և ընտիր գործիք դառնալու ժողովրդի դաստիարակության համար։ Խաբված չե՛նք, որ ազգը սիրով կընդունե այսպիսի մի գիրք, որ ընծայել է հեղինակը յուր ազգի զավակների դաստիարակությանը, որ և պիտո է շատ ձեռնտու լիներ դորան։ Մեք մեր կողմից, որպես ազգի օգտին ճշմարտապես ցանկացող, անպատմելի ուրախ ենք, որ ժողովրդական լեզուն ձեռք ու ոտք է ստացել, և մեր նոր մատենագրության աղքատին գանձարանի մեջ երևում է մտավորական և կենսական շարժողություն։ Մեր առ ի սրտե երախտագիտական շնորհակալությունը թող հաճի ընդունել գերապատիվ հեղինակը, որին հոգով չափ ցանկանում ենք կարողություն և հաջողություն ապագա աշխատութենների մեջ։ Քաղցր պարտականություն կհամարենք մեզ «Հյուսիսափայլի» գալոց ամսատետրակներից մինի մեջ խոսել այս պատվական աշխատության երկրորդ ավելի ճոխ հատորի վերա, որ այս օրերումը դուրս է եկած տպագրական մամուլի տակից։

182