Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկության համար։ Նա ներգործում է կրոնի և կրոնապաշտության դիմակի տակ, բայց դոքա երկրորդական բան են համեմատությամբ առաջին նպատակին, որին կամի հասանել. նորա մտացածին և կարծիքական տիեզերական հոգևոր իրավասության տակ թաքնված է տիեզերական քաղաքական իրավասություն։ Մեր ասածի վկայության համար հարկավոր էր դնել այստեղ պապական պատմութենից մի քանի իրողությունք, բայց այդ բոլորը թողնելով եկեղեցական պատմությունը հայոց ազգի մեջ հերոսաբար հանդես հանելոցին, հերիքանում ենք պատմելով մի կարճ բան Գրիգոր Յոթներորդ պապի կյանքից։ Մինչև այս պապը, արևմուտքի թագավորքը յուրյանց հողի վերա իշխանություն ունեին եպիսկոպոս և վանահայր կարգելու, մինչև սորա ժամանակը պապերի անկախությունը մնացած էր լոկ խոսքերով միայն, բայց Գրիգորը, որի խելքով և կառավարությամբ հինգ պապ նստել էին պապական գահը, որ մի զարմանալի հաջողությամբ անցել էր պապական աթոռը, որ պապ դառնալուց մի քանի շաբաթ հետո առանձին ժողովով վճռել էր, ո՛չ թե միայն քահանայք անկին լինին այնուհետև, այլ ով որ և կին ուներ, նա ևս բաժանվի, թելադրելով ժողովրդին ներկա չլինել այն եկեղեցական աստվածապաշտությանը, որ պիտո է կատարվեր ամուսնավոր քահանայի ձեռքով, այս պապը, ասում եմ, հրապարակով հայտնեց աշխարհին, թե ամենայն մարդկային իշխանությունք կարգված են աստուծուց, թե ինքը Տերը հավատացել է յուր, մարդկային ազգի վերա իշխանությունը սուրբ Պետրոսին, թե յուրաքանչյուր քրիստոնյա պարտական է հնազանդ լինել սուրբ գահին, ուրեմն և հռովմեական քահանայապետերին, և թե սոցա ծայրագույն իշխանությունը բոլոր կայսրների, թագավորների, բոլոր պատրիարքների և եպիսկոպոսների վերա, որ պարտական էին պապի ձեռքից ստանալ յուրյանց թագ ու սաղավատը, անմիջապես հանձնած էր Հռովմի պապին մեծ առաքելու ձեռքով։ նայելով այս պապի նամակներին, ամենայն տեղ տեսանում ես այս վարդապետությունը. նա հայտնում է ֆրանսիացոց թագավորին, թե նորա տերության մեջ գտանված յուրաքանչյուր գերդաստան պարտական է հարկ տալ ամենայն տարի երկու սու, և հրամայում է յուր դեսպաններին ժողովել այս հարկը, որպես Ֆրանսիայի դեպի սուրբ գահը հպատակության նշան։ Նա հավատացնում է հունգարացոց Սալոմոն թագավորին, թե սորա տերությունը հռովմեական եկեղեցու սեփականությունն է. Սալոմոնը չհավատալով և կամակորվելով՝ գահընկեց է լինում, և նորա հաջորդը՝ Վլադիսլավ, ավելի խոհեմ, գտանվելով.


258