Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամպերի վերա։ Այս բանից հառաջանում է մարկության մեջ պատերազմ․ բայց այս մտավորական պատերազմը, կրկնում ենք խի՛ստ շեշտելով, պիտի կատարվի սրտի ազատ վկայության սահմանում, խոսքի և բանականության սահմանում։ Ոչինչ արտաքին և կոպիտ զորություն հանդես չունի այս պատերազմի մեջ․ կտրող սուրերը երկաթ չեն, այլ խոսք․ կշիռ ունի այստեղ ոչ թե փառավոր կոչումը կամ մի պատահական դրություն աշխարհի մեջ, այլ միտքը և փիլիսոփայությունը։ Բռնադատություն հարկավոր չէ․ ինկվիզիցիան սեփականություն է պապականության։ Այս րոպեիս և մեր ազգի մեջ երևում է մի մտավորական պատերազմ, նույնպես միմյանց զարկվում են մտքեր։ Դուրս գալով դեպի հասարակաց խոսակցության ասպարեզ, մեք արդեն պարտականություն ենք հանձն առնում ասել մեր սրտի վկայությունը, հայտնի և ուղղակի, և աշխատել, որ նոքա երևեին ամենակարելի կատարելությամբ և պարզությամբ։ Դեռևս մեր ազգի մեջ չէ գնահատվում խոսքի արժանավորությանը, և ամենայն քայլափոխում տեսնում ենք այնպիսի վարեցողության օրինակներ, որ անվայել էին բանականության։ Մեր մեջ դեռ ամենեքին չեն հասկանում, թե բարեխիղճ և սրտի խորին վկայությունը, արդեն միայն այս հատկութեների պատճառով միշտ արժանի է հարգության։ Երբ այս վկայությունը սխալ էր, այն ժամանակ պահանջում է նա բարեխիղճ հերքողության, պահանջում է օրինավոր վեճ, բայց ոչ հարձակմունք, որ հատկանում էին յուրյանց անպատշաճ ձևերով, արժանագին և խոշոր կատակներով, որոնք շատ անգամ լցված են լինում զանազան աղճատանքերով և բամբասանքներով յուր հակառակորդի վերա։ Հալածանքը և ատելությունը կարող է միայն ծնուցանել սուտ, անբարեխղճություն և ամենայն տեսակ զուր պահանջողությունք։ Ցանկանում ենք և ուխտելով խնդրում ենք աստծուց, որ մեր հասարակական պատերազմը, որ կատարվում է խոսքի սահմանում, ամենայն տեղ ընդունե վայելուչ ձև արժանի մարդկային մտքի բարոյական խորհրդին։ Մեք չենք հերքում կատակը, չենք հերքում մինչև անգամ, ծաղրը, հեգնությունը, բայց այդ բոլորը կարող են լինել պատշաճի շրջանակի մեջ․ իսկ գլխավորը, ամենայն տեղ պիտո է լինի բարեխղճություն․ հակառակորդների կարծիքը չէ պիտո աղճատել։ Սուտ և սխալ կարծիք հերքել և դատապարտել, սուրբ պարտականություն է ամեն մի բարոյական մարդու համար․ բայց այդ սուտ կարծիքը, ավելի հեշտությամբ դատապարտության տակ ձգելու համար, աղճատել նորանց, մարդու գործ չէ։

320