Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ազգի մեջ այժմ կան հայացքներ, կան ուղղությունք, կան ուրեմն և դրոշակներ. կա պատերազմ: Օտարոտի մի բան էր հերքել այս, նույնպես օտարոտի էր ցանկանալ մի տեսակ միավորություն հակառակող բաժինների: Այդ վնասակար էր մեր ազգին: Պատերազմը հետևանք է շարժողության, իսկ շարժողությունը-կյանք է: Երբ երկու հակառակորդ բաժինները, ամենևին ազատությամբ, համաձայնել էին յուրյանց կարծիքների մեջ, այն ժամանակ կհաշտվին և կմոտենան միմյանց. առանց կարծիքների հիմնավոր համաձայնության սուտ է ամենայն հաշտություն և միավորություն, թեև լրագրողների մեջ ևս հրապարակեիր, թե թագավորել էր մեծ խաղաղություն..

Եվ հակառակող բաժինները մոտավորության համար չէ պիտո զոհ բերեն յուրյանց սրտի վկայությունը, այդ կհառաջացնե մի բաբելոնյան խառնակություն և ցույց կտա երկու կողմի ևս թուլությունը, մի բարոյական անզգուշության և մտավորական ծուլության, օգտի համար: Ո՛չ. թո՛ղ յուրաքանչյուր կողմը առանց ամենայն բռնադատական կամակորության գործ դնե յուր բոլոր զորությունը, յուր մտքերի բոլոր խորությունը, այդ ժամանակ միայն կարող է հայտնվիլ կատարյալ և վճռական հաղթությունը, պատերազմը այն ժամանակ կարող է հասանել յուր պայծառ և պտղավետ նպատակին: Օրհնյա՜լ է պատերազմը. թո՛ղ լինի նա հզոր, անխնա, ազնիվ և բարեխիղճ: Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած կնամարդի բնավորությամբ: Սուտ խաղաղասիրությունը, որի տակ, որպես գայլ ոչխարի զգեստով, թաքնված է անձնական օգուտ ու փառք, մեք մեծարում ենք եզվիտ պատվանունով: Ճշմարտության բուն հետևանքը բաժինք է. պիտո է լինին հերձվածներ, որ ընտրվածքը երևին: Եվ գինին մինչև չխմորվի և չպղտորվի, չէ պարզվում: Ծծումբի ազդեցությամբ կտրված քաղցուն, որ չէ խմորվում ավելի, նույն պատիվը ունի գինիքի մեջ, ինչ պատիվ ներքինին մարդերի մեջ, ով ականջ ունի լսելու, թող լսե:

Լուսավորությունը - ահա՛ մարդու խորհուրդը: Ինքը բառը լուսավորություն մեկնում է յուր միտքը: Խավարից դեպի լույս վերին ձգտողությունը սեփական է մարդկային բարոյական բնությանը, նա է անմահ հոգու ծարավը: Ո՞վ կցանկանա տգիտության, ո՞վ կցանկանա խավարի... որպես արեգակը ամենների համար է, նույնպես և լուսավորությունը բոլոր մարդերի համար: Անհասկանալի է երկյուղը լուսավորութենից, այդ միևնույն է, ինչ որ երկյուղը լուսից: Իսկ լուսից չէ վախենում ճշմարտությունը, միմիայն սուտը որոնում է խավար: Նա է թույլ