Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լորովին անհասկանալի նոր և կենդանի ազգին: Մատենագրությունը ամենայն ազգերի մեջ միշտ համեմատվել է նոցա դրությանը և նոցա յուրաքանչյուր դարու լեզվի խոսվածքին, այո՛, միայն հայոց խելոք պարոններն են, որ 19-րդ դարու մարդերը կամենում են լուսավորել 5-րդ դարու լեզվով։ Ուրեմն՝ մատենագրություն ասելով պիտո էր իմանալ այն մաքուր, նոր հայախոսությունը, որ ծանոթ էր և հասկանալի համարյա թե մեր ամբողջ ազգին ուր և գտանվեին սոքա, ապա թե ոչ զուր էր ամենայն ջանք և մտածությունք ազգի լուսավորության մասին: Եթե հին լեզվով մատենագրությունը, անհասկանալի լինելով միանգամայն նոր ժողովրդին, կարող էր կամուրջ լինել լուսավորության, ապա ուրեմն մեր ժողովուրդը շատ ժամանակ է, որ լուսավորված է և մեք սխալ կարծիքի մեջ եմք, պատճառ, որ եվրոպացի լեզուներով, որ հայոց հին լեզվի նման անհասկանալի էր մեր ժողովրդին, կան ավանդված այնքան տեսությունք և նոր-նոր գաղափարներ, որ հին լեզուն կարծեմ դեռ նոցա ստվերի մին քառորդն ևս չունի յուր մեջ. ուրեմն ամենայն հայ այն գրերիցը առնելով և յուր տանը պահելով (ինչպես պիտո է անե հին լեզվով հայ մատյանները) կարող էր լուսավորվիլ: Այսպիսի խելացնոր դատաստան այն հնամոլ մարդերի գլխումը մեք չենք գովիլ, այլ իմաստուն և բանագետ մարդերի և ամբողջ Եվրոպայի համաձայն ասում ենք, թե շատ հեշտ է գերեզմանից մեռելները հանել կենդանացնել, քան այդ ժանգոտյալ լեզվով նոր ժողովուրդ լուսավորել: Խնդրում էինք՝ եթե միայն կպատասխանեին մեզ այդ պարոնները. ո՞րտեղ է տեսնված, որ մի սառած մարդ ջերմացնելու համար նորան դնեին սառուցի մեջ, այն ողորմելին ի՞նչ ջերմություն կարող է ունենալ սառուցից: Հայոց ողորմելի ազգը երկար ժամանակ անուսումն մնալով, բոլորովին սառած մարդու է նմանում այժմուս, և հին լեզուն 1300 տարվա ցրտերով արդեն սառուց է դարձել, պատճառ, որ նախ և հառաջ կյանք և գործադրություն չունի ընկերության մեջ. երկրորդ՝ յուր մեջ չունի այն ջերմացուցիչ և սնունդ տվող հյութը, որ եթե դնեիր այն սառուցյալ մարդին, նորան կենդանություն հաղորդեր: Մեք այսքան ժամանակ քննելով այդ լեզվի ուղը և ծուծը, ոչինչ չգտանք, բացի քանի մի պատմական տեղեկություններից, երանի՜ թե և այս բաները գրված լինեին, ինչպես տեսանում ենք, օտար լեզուների մեջ։ նոր լեզվի միջում կա հիանալի խորհուրդ, երանի՛ թե հնար լիներ ասել այդ հնամոլ պարոններին. հին լեզվի միջում ևս կա խորհուրդ, բայց կորստական և շատ տարբեր այն խորհրդից միանգամայն հա

338