ՀԻՍՈՒՍՅԱՆՔ
(էջ 84)
Եզվիտական կարգի մասին պատմական այս ակնարկը Նալբանդյանը, որպես անհրաժեշտ մի ներածություն հայ ընթերցողի համար, զետեղել է Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի իր թարգմանությունը առաջին հատորում: Ինչպես վեպի թարգմանության, նույնպես և «Հիսուսյանք» հոդվածը գրելու համար առիթ է հանդիսացել թերևս Մխիթարյան միաբանության աչքի ընկնող անդամներից մեկի՝ Իգնատիոս Փափազյանի բացահայտ համակրական խոսքը եզվիտների մասին: «Պարոն Փափազյանը,—գրում է նա,—յուր 1848 թվականում տպած Եկեղեցական պատմության մեջ, սկսած 923 երեսից մինչև 932 երեսը, ախոյան դուրս գալով հիսուսյան կարգի հակառակորդների ընդդեմ, ամենայն ջանք գործ է դնում, հիսուսյաների խավարը լույս ապացուցանել, իսկ հակառակորդների լույսը՝ խավար: Ցավում եմ, որ պատվելի հեղինակը չէ՛ կարողացել գո՛նե մասնավորապես ծածկել յուր համակրությունը հիսուսյանց հետ, և համարելով, թե աշխարհքումը բացի Մխիթարյան միաբանութենից այլ մարդիկ չկային, շատ դրական և վճռական կերպով հանդես է դուրս եկել հայերի մեջ: Այս բանը ինձ պատճառ տվեց, գերապատիվ Էվժեն Սյու հեղինակի վիպասանության սկզբումը դնել հիսուսյան կարգի պատմությունը...»: Ժամանակին նկատվել է, որ այս ակնարկը չէր կարող լինել ինքնուրույն գործ, քանի որ «եզվիտական կարգի մասին վիթխարի քանակությամբ մի գրականություն կա աշխարհի բոլոր լեզուներով» և հենց Նալբանդյանն ինքն էլ թվարկում է օտարալեզու մի շարք գրքեր, որոնցից օգտվել է(տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. 11. 1917 էջ 419): Բանասեր Ռուզան Նանումյանը վերջերս պարզել է, որ Նալբանդյանի հոդվածը թարգմանություն է XIX դարի կեսերի ռուս բանասեր և պատմաբան Ն. Ռատինսկու «Иезуиты» հոդվածից, որը տպագրվել է «Отечественные записки» ամսագրի 1844 թ. 1—2 միացյալ համարի «Наука и художества» բաժնում, էջ 1—26 և 94—126 (տե՛ս Ռ Նանումյան, Ստեփանոս Նազարյան. Երևան, 1978, էջ 283): Ռուս բանասեր Նիկոլայ Անտոնովիչ Ռատինսկին (1821—1887) ավարտել է Մոսկվայի համալսարանը, աշխատել իբրև գրաքննիչ, ապա եղել է տպագրական գործերի գլխավոր վարչության խորհրդի անդամ: Նրա աշխատություններն են՝ «Иезуиты» 1844— «Памятная книжка Орловской губернии на 1860 г.» 1860 «Эпиграммы, шутки и послания Д. Т. Ленского» 1880—«Арифметика, сиречь наука числительная», 1881—«Феатрон или позор исторический», 1881—«Двор и правительство в России сто лет тому назад», 1886 «Энциклопедический словарь», том XXVI․ Ф. А. Брокгауз и Н. А.Ефрон. СПб.,1899)