րիկ գումար հատկացնելու հնդկական հրիտակներին վերաբերյալ բոլոր թղթերը մի վայելուչ հառաջաբանով և հարկավոր ծանոթություններով տպագրելու իբրև մի կարևոր պատմական նյութ թե հոգաբարձության, թե Նալբանդյանի կենսագրության և թե ընթերցանության համար։ 1904 թ. «Լումա» հանդեսում տպագրելով իր հոդվածը, Շահազիզը կրկնում է նույն առաջարկը շեշտելով դարձյալ, որ այդ նյութերի տպագրությունը «ոչ թե միայն մասնավոր խորհուրդ ունի, այլև ընդհանուր» (տե՛ս Ե․ Շահազիզ, Միքայել Նալբանդյանը Հնդկաստանում, «Լումա» № էջ 106)։ Հնդկահայերի կտակների գործը կապվում է Նոր Նախիջևան քաղաքի հիմնադրության հետ, երբ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը նորահիմն քաղաքի բնակիչների համար նյութական օժանդակություն կազմակերպելու նպատակով Հնդկաստան է ուղարկում Տեր—Ստեփաննոս Հարությունյան քահանային։ Ռուսաստանի թեմի առաջնորդի նամակները հնդկահայերին և Տեր—Ստեփաննոսի հորդորները հասնում են նպատակին։ Մի քանի ազգասեր հայեր XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին կտակներ են կազմում հօգուտ Նոր Նախիջևան և Գրիգորուպոլիս քաղաքների հայկական համայնքների։ XIX դարի առաջին երկու տասամյակներում կտակների գործով գրագրություն է տեղի ունենում Ռուսաստանի առաջնորդ, ապա կաթողիկոս Եփրեմի և հնդկահայ գործիչների միջև, բայց գործնական քայլեր չեն արվում նախիջևանցիների ժառանգությունը ձեռք բերելու ուղղությամբ։ Տասնամյակներ անց, 1846 թ․ Մեսրոպ Թաղիադյանն իր «Ազգասեր» ամսաթերթում հրապարակում է Մասեհ Բաբաջանի կտակը, նպատակ ունենալով նախիջևանցիների ուշադրությունը հրավիրել այդ հույժ կարևոր հարցի վրա։ Այնուհետև, 1847թ․ սկզբին Ղուկաս Պալտազարյանը այդ կտակն արտատպում է «Արշալույս Արարատյան» թերթում, իր փոքրիկ ծանոթությամբ: Սակայն, չնայած կտակների օրինականությանը և դրանցով նախատեսված գումարների մեծությանը, Նախիջևանի հասարակությունը զարմանալի անտարբերություն է դրսևորում դեպի իր ստանալիք ժառանգությունը: Մոտավորապես վեց տասնամյակ հնդկահայերի կտակած գումարները մնում են անգլիական բանկերում կամ կտակակատարների մոտ: 50–ական թթ․ վերջին այդ գումարներն ստանալու ուղղությամբ առանձին փորձեր են կատարում Տագանրոգի նահանգապետը և Ներսես Աշտարակեցին, բայց չեն հասնում էական արդյունքի։ Այդ գործով 60-ական թթ․ սկզբին սկսում է զբաղվել և Նախիջևանի ու Բեսարաբիայի թեմի առաջնորդ Գ․ Այվազովսկին, որ իր ոչ շրջահայաց գործողություններով օբեկտիվորեն արգելքներ է ստեղծում Կալկաթայում գտնվող Նալբանդյանի համար։ Հնդկական ժառանգության ձեռք բերման հարցը ամբողջ լրջությամբ բարձրացնում է Միքայել Նալբանդյանը։ Նա Նախիջևանի մագիստրատից պահանջում է կտակների բնագրերը և դրանց կցելով իր «Ազգային ժառանգությունք» հոդվածը, հրապարակում է «Հյուսիսափայլում»: Այնուհետև հայրենի քաղաքի հասարակության կողմից ընտրվելով պատգամավոր, Նալբանդյաը 1860-ի նոյեմբերի 1–ին մեկնում է արտասահման։ Այժմ արդեն անտարակույս է, որ հնդկական կտակներից սպասվող գումարները ձեռք բերելուց բացի, նրան նույնքան էլ հետաքրքրում էր արտասահման մեկնելը, մի ուղևորություն, որ անջնջելի հետք թողեց հրապարակախոսի կենսագրության մեջ։ Այն հնարավորություն ընձեռեց Նալբանդյանին՝ մոտիկից ծանոթանալու եվրոպական երկրների սոցիա-քաղաքական դրության հետ, սերտ հարաբերության մեջ մտնելու եվրոպա
430