Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղած խոսքերը. բայց շատ կսխալին և ապագային այս լռությունը իրենց շատ թանկ կնստի։

Ավելի լավ էր պատասխան տալ և բամբասանքի առիթները իրենց վերայից վերցնել, քան թե լռություն պահելով ազգի մեծի և փոքու սիրտը առհասարակ իրենցից կտրել, որ ապագայի մեջը կնշմարվի։ Վասնզի հիմա մեր ժողովուրդն էլ իննևտասներորդ դարու մեջ կերթա, բայց մեր հոգևորականաց դատողությունը դեռևս յոթնևտասներորդ դարու ազգային հառաջադիմության վարդապետությունը կընդունի, որով ազգը հոգևորականներեն երկու դար հառաջ անցած կերթան. այսքան երկարության մեջ արշավել, ազգի հետևեն հասնիլ չի՛ կարելի, թե որ հոգևորականք իրենց անգործությունը և դատողությունը չի փոխեն.— ինչպես որ քաջափորձ եմ, Տաճկաստանի մեր հոգևորականներն էլ այս դրության մեջն են։

Արգո՛ բարեկամ, այս գրածներս կամ այսպիսի բաներ, անպակաս արեք Ձեր Հիշատակարանից, մինչև որ ազգերնուս աչքը բացվի․ և ես պիտի ուղարկեմ Ձեզ հետզհետե ազգային հանգամանաց շատ նյութեր...»։

Սուրբ Մեսրոպի գերեզմանի այցելուի նամակը ձգելով Հիշատակարանիս մեջ, կատարում եմ իմ պարտականությունը։ Ինչպես երևում է, այդ անունի տակ վարագուրվում է մեզ անծանոթ մի հոգևոր անձն․ ով կամի թող լինի նա, ես կատարեցի ահա նորա սրտի ցանկությունը, ըստ որում նորա խոսքերից երևում է, որ մի բարեհոգի, ազգասեր, այլև ճշմարտապես ազգի վերա սիրտ ցավեցնող մարդ է։ Աստված տա, որ շատանան այդպիսի հոգևոր անձինք և թև ու թիկունք դառնան մեզ, որպես և մեք նոցա։


Դարձյալ մի այլ նամակ ստացա պ. Գամառ֊Քաթիպայից (Ս. Պետերբուրգից), որ մեղադրում է ինձ, թե ինչո՛ւ համար նորա ուղարկած մի ոտանավորը չէ ընկել Հյուսիսափայլի մեջ, և թե ինչո՛ւ մի գրավոր տեղեկություն չեմ տվել նորան չտպվելու պատճառի մասին։ Պիտի իմանալ, որ ես Հյուսիսափայլի հրատարակողը չեմ, և ո՛չ նորա գլխավոր աշխատակիցը․ ես պատասխանատու եմ այն բաների մասին, որ պիտի ընկնեին Հիշատակարանիս մեջ։ Իսկ Հիշատակարան ձգել ամենայն բան, նույնպես չեմ կարող, ըստ որում, ինչպես վաղուց հայտնել եմ ձեզ, պատվելի ընթերցողք, մի հորեղբայր ունիմ, որ միշտ քննում է իմ բոլոր առանձնական գրվածքս անգամ։