Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ անունով ուղարկված, բայց անմիջապես Հյուսիսափայլի մեջ տպվելու գրվածները ես ուղարկում եմ պ. Հրատարակողին, ինչպես պ. Գամառ-Քաթիպայի և մի քանի նոր ոտանավորքը, որ վերոհիշյալ նամակով ուղարկել էր ինձ, ավելի ոչինչ չեմ կարող առնել, իմ ձեռքում ոչինչ չկա։ Իսկ ինչ որ վերաբերվում է Հիշատակարանիս, այո՛, այդ այլ բան է, այդտեղ ես իմ Հիշատակարանի անմիջական տերն եմ, միայն խնդրում եմ ամեն մի մարդուց, որ խնայեն իմ Հիշատակարանը և բան ուղարկելու ժամանակ, աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ և յուրյանց, և ինձ և պատվելի ընթերցողներին ժամանակի զուր կորուստ չլինի։

Թ

Հյուսիս-Շահբեգի գերությունը-Շամիլի խոսակցությունքը-Շահբեգի
երազը-Արևմուտք օրագիրը:

Հյուսիս... մի ցուրտ և անհամբույր աշխարհ. այդտեղ բնությունը զրկված է այն բոլոր վայելչութենից, որով փայլում են բարեխառն գոտիների տակ գտանված աշխարհները։ Բոլոր արարածը, որոնց վիճակվել էր երևել աշխարհի երեսին, այդ ցուրտ աշխարհի պայմանների տակ գոյանալով, կրում են յուրյանց ճակատի վերա աշխարհի որպիսության կնիքը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը յուր խիստ շունչը փչում է մինչև շատ հեռի տեղեր և ամենայն արարած ենթարկվելով նորա ազդեցությանը, բնական օրենքներով ինքը յուր մեջ կենտրոնացած, ցուցակ է լինում մի ողորմելի վիճակի։ Ի՛նչ ասել է կենտրոնանալ յուր մեջ։ Կտրել ամենայն հաղորդակցություն այն առարկաների հետ, որ շրջապատում էին մի արարած։ Ինչու՛ համար կտրել։ Եթե չկտրվի այդ հարակցությունը, այնուհետև այդ արարածը պիտի խաղալիք լինի շըրջապատող բնության ձեռքում. իսկ եթե մի արարած կենդանանա յուր մեջ, ասել է թե, մատնում է յուր անձը մի հավիտենական բանտարգելության։

Լա՛վ է բանտում կենդանի մնալ, քան թե բանտից դուրս մեռանել։

Սխալ է. լա՛վ է ազատության մեջ մեռանել, քան թե բանտում ապրել։

Ինչո՞ւ համար։

Նորա համար, որ եթե զրկված էր մարդս ընկերութենից, եթե կտրվում է այն շղթայակապը, որ նախախնամությունը կազմել էր մարդու և նորա կազմվածքից դուրս գտանված առարկաների, մարդերի և նույնիսկ բնության հետ, մարդը վերջանում է մարդութենից։