Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բազմակողմանի մարդ եմ, որ կարող եմ ամենայն կրոն բովանդակել իմ մեջ։

— Ափսո՛ս որ կես դար հառաջ չենք ծնած, ապա թե ո՛չ, գուցե դուք ևս ընկնեիք ֆրանսիական էնցիկլոպեդիստների կարգը, որոնք յուրյանց լայն հոգով, լայն սրտով և բազմակողմանի հայացքով վերջապես աստուծո սեղանի վերա դրեցին մի... և պաշտեցին, այս է բանականության աստվածը ասելով։ Բայց մեք այսպես շարունակելով մեր խոսակցությունը չմոտեցանք բուն խնդրին, որի մասին ինձ բերեցին ձեր առաջև, ես այսքան միայն ասում եմ, որ եթե դուք փոքրիշատե հարգում եք ձեր անձը, ապա ուրեմն առանց ամենայն վնասի ինձ պիտո է հարձակեք դեպի իմ աշխարհը, որովհետև ամենայն իշխանություն չարաչար գործ դրված արժանի է դատապարտության։ Դուք, որպես իշխան մի աշխարհի, ուր ամենայն բան խառնիխուռն, անկարգ և անկանոն, ուր խավարասեր մտքեր ամենայն օր գտանում եք ձեր անքրիստոնյա գործերին և խորհուրդներին օգնական, կարող եք, իհարկե, պատրաստել ինձ շատ անախորժությունք, բայց այն ժամանակ աշխարհը կնայի ձեր վերա, որպես մի խայտառակության դրոշմը ճակատին ավազակի վերա, որ նստելով մի անցքում ձեռք է ձգում մարդիկ և վարվում է նոցա հետ, ինչպես հրամայում էր նորա թշվառ հոգին և ամայացած սիրտը, որ անիրավաբար օգուտ քաղելով յուր պատահական դրութենից, չարաչար գործ էր դնում յուր ուժը ձեռք ձգած մարդու վերա, որ կանգնած էր նորա առաջև։

— Հը՜մ — արեց Շամիլը — դու ուրախ կլինեիր, որ ես իմ ձեռքով առնեի քո դատաստանը, բայց ի՜նչ հարկավորություն ունիմ անհավատի արյունով պղծել իմ ձեռքը։ Տարակույս չկա, որ դու հանցավոր ես և մահու պարտական, որովհետև տյս ծերունիների առաջև հանդուգն խոսքերով անարգեցիր ինձ, բայց ես քո դատաստանը կհանձնեմ այն աշխարհի կառավարությանը, որին հպատակ ես դու։

— Միայն թե արձակեցե՛ք ինձ այստեղից, այնուհետև ինչպես կամիք, և ես անչափ շնորհակալ կլինիմ ձեզանից, եթե առիթ տաք ինձ գործ ունենալ իմ աշխարհի կառավարության հետ, որ անտարակույս բյուր անգամ լավ հասկանում է մարդկությունը քան թե դուք։

— Բայց մի՛ մոռանար, որ ես մի մեծ մարդ եմ, և այնքան մեծ, որ ձեր կայսրը արժան է համարում իմ հետ պատերազմել։ Իմ որդին Պետերբուրգում կրթված լինելով, ունի շատ մեծատուն բարեկամք. ինձ արժե միայն մի նամակ արձակել դեպի Պետերրուրգ, այնուհետև ավարտված էր քո ասպարեզը։