Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Խնդրեմ, որ դուք ևս չմոռանաք, որ մեր կայսրը վարվում է ձեր հետ, որպես մի բռնակալի հետ, որ տիրապետելով մի աշխարհի, խռովում էր դրացի ազգերի խաղաղությունը։ Նա ո՛չ եթե հաղթություն կամի ստանալ ձեր վերա, այլ պատուհասել ձեզ, ըստ որում ձեր ժողովրդի անօրենությունքը հասած են մինչև երկինք։ Դուք պարծենում եք կամ մեծ հույս ունիք ձեր որդու մեծատուն բարեկամների վերա, բայց ես այդպիսի բարեկամների լինելությունը ևս ձգում եմ երկբայության տակ։ Ձեր որդին գտել է յուր հետ խոսողք միայն, որ քաղաքագետ մարդիկ լինելով, մի կերպ վարվել են նորա հետ, բայց ներկա ժամանակումս բարեկամ գտանել Պետերբուրգի մեջ, շատ կարծիքական մի բան է։ Այս խոսքերը չեմ ասում ես այն պատճառով, որ արգելում ձեր գրությունը, ամենևին ո՛չ. դուք կարող եք գրել իմ մասին ում կամիք, բայց այն մարդը, որին գրելու էիք, ձեր օրենքի ընդդեմ պահանջողութեններին լռությամբ միայն պատասխանելով, կանարգե ձեր կոչումը և անձը։ Մեր կայսրը, որին հատուցել ենք մեր հպատակական երդումը, այնպիսի իշխան չէ, ինչպես դուք, որ միմիայն բարբարոսությամբ կամիք ցույց տալ ձեր մեծությունը, դորա հակառակ, նա հայր է այն ազգերին, որոնց կառավարության ղեկը նախախնամությունը հավատացել էր նորան։ Նորա սիրտը միշտ պատրաստ է կարեկից լինել յուր մի որևիցե անբախտացած հպատակին, վասնորո բարի խորհուրդ տալիս եմ ձեզ արձակել ինձ, առանց հրատարակելու մեր խոսակցությունը մեր կառավարությանը, որովհետև դորա հետևանքը միմիայն խայտառակությունն էր ձեր համար։

Դուք կարո՛ղ եք հասկանալ իմ ասածների ճշմարտությունը եթե մի փոքր մտածեք միայն։ Ի՛նչ կասե ձեր ազգը, ձեր ժողովուրդը, եթե տեսանե, որ ձեր գանգատը մի անզոր մարդու վերա մնում է առանց մի չար հետևանքի նորա համար. ո՞չ ապաքեն ձեր ուժը և զորությունը, որի մասին մեծ կարծիք ունին տգետ մարդիկ, կերևի յուր վերին աստիճանի թուլությամբ և ոչնչությամբ։

Ո՞չ ապաքեն մեր աշխարհի կառավարության մեջ գտանված մեծամեծքր, որ գուցե մի փոքր լավ կարծիք ունեին ձեր գլխի վերա, պիտի այժմ հասկանան ձեր անխելությունը, նայելով, թե մինչև ո՛ր աստիճան հիմար և բարբարոսական են ձեր պահանջողությունքը։ Դուք տեսանում եք, որ ձեր ներկայությունը խափան չէ ինձ առանց վարագուրելու խոսել ճշմարտությունը, բայց ո՛րչափ խոսք և զրույց կբարձրանան մի այլ աշխարհում, ուր, ո՛չ դուք, ո՛չ մինը և ո՛չ մյուսը կարող չէին փակել խոսողի բերանը. ուր խոսք ասացյալը համազոր է կրակի