և սուրի։ Այո', ձեր անունը այդ աշխարհի մեջ կդառնա մի անարգության ցուցակ. և եթե կամենան մի ատելի և անպիտան մարդ անարգել, կանվանեն նորան ձեր անունով։
Այս խոսքերի վերա Շամիլը ընկավ մի փոքր մտածության մեջ. երևում էր, որ ասածներս նստում էին նորա խելքին։ Նայիբները, որ նստած էին նորա մոտ, լսելով իմ խիստ խոսքերը, երբեմն երբեմն զարմացական «մեղաներով» շփում էին յուրյանց սպիտակ մորուքը։ Խոսակցությունքը կտրվեցան, և ես կանգնած սպասում էի լսել իմ դատակնիքը։ Մտքումս դրել էի, թե անտարակույս մահը սպասում է ինձ Շամիլի շրթունքի տակ։ Բայց և այստեղ սխալվեցա. չգիտեմ ի՛նչ էր պատահել այդ մարդուն, երևի թե իմ հաստատ և խիստ խոսակցությունը հոգեբանաբար ներգործելով, թուլացուց նորա հոգին և մոռանալ տվեց մի ժամ յուր զորությունը և իշխանությունը։ Պատահում են րոպեներ, երբ և բարբարոսը և ավազակը թուլանում է, եթե հանկարծ և մեծ ուժով ներգործես նորա հոգու վերա։ Այդպիսի դիպվածում ազդու հոգու խոսքերը, մինը մյուսի քամակից, կայծակի նման թափվելով դիմացը կանգնած մարդու վերա, ձգում են նորան մի կաշկանդված վիճակի մեջ։ Ավազակի հոգին մոռանում է մի րոպե յուր պատահական դրությունը, մոռանում է օգուտ քաղել նորանից, որպես թե հաղթահարվելով այն ազդու հոգուց, որից դողում է և սարսափու.է. և ինքը, չնայելով որ մարդերի որսորդ էր, պակաս ուրախանալու չէր, եթե ազատվեր այդ հոգու ներկայութենից։ Շատ անգամ մի մարդու միայն լոկ կերպարանքը մեծ ազդեցություն է գործում նորա առաջև կանգնած մարդու վերա. մի հայացք կայծակի պես թռչում է, մտանում է նորա մեջ և, ասես թե, տեսանելով նորա հոգու ամենածածուկքը, զինաթափ է առնում նորան։
Խաբեբա մարդիկ այս հոգեբանական երևույթը մեկնում են շնչական մագնիսականությամբ, որի լինելությունը և ազդեցությունը դեռևս չէ ապացուցված և ընդդեմ է մինչև այժմ հայտնի բնական օրենքներին։ Ինչպես և եղած լիներ, միայն բանը այս է, որ Շամիլը մի թրջված կատվի նման վեր կացավ սոֆայի վերայից և դուրս գնաց նայիբների հետ, հրամայելով ինձ ևս ելանել նորա քամակից։ Երբ ոտքս դուրս կոխեցի շեմքից, երկու զրահավորված մարդիկ բռնեցին ինձ և դարձյալ տարան և փակեցին գոմի մեջ։ Այսպես անցավ իմ առաջին տեսությունը։ Առանց ամենայն այցելության, երկու շաբաթ մնացի գոմի մեջ:
Ստանում էի մի շատ պարզ կերակուր. խմելիքս էր կորեկաջուր։