Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու շաբաթական բանտարգելությունը, առաջին անգամ փորձական կերպով շոշափելի կացուց ինձ արգելական մարդու թշվառությունը, ազատության արժեքը ավելի վեր բարձրացավ իմ աչքում, և այդ օրից ուխտեցի վերջին արյունս թափել ազատության անունի վերա։

Այդ միջոցը դարձավ իմ համար մի գեղեցիկ ուսման ժամանակ, այդտեղ ավելի հիմնավոր կերպով սկսեցի մտածել մի քանի փիլիսոփայական խնդիրների վերա։ Այդտեղ վերստին նվիրեցի իմ անձը, իմ կյանքը մարդկության օգտին. այդ միջոցին մանավանդ վեր բարձրացան դեպի երկինք իմ ջերմեռանդ աղոթքի խունկերը, և ամենաբարձրյալը գթացավ իմ վերա։

Մի երեկո, երկար մտածութեններից հետո քնեցա... ի՛նչ տեսակ երազներ, ի՛նչ պատկերներ ներկայացան իմ հոգու առաջև։ Բայց հարկավոր չէ այդ բաները գրել այստեղ, ով գիտե, մի՛ գուցե Հիշատակարանիդ ընթերցողքը ասեն, թե մեք Շահբեգին մի մարդ էինք կարծում, բայց նա ևս շատախոս պառավի նման երազներով է լցրել յուր նամակը։

Բայց գիտեմ, որ դու պիտի բարկանաս եթե չգրեմ, որովհետև կատարյալ գաղափար ստանալու չէիր այն տպավորութենների մասին, որ գործվել էին իմ վերա։ Այս պատճառով իմ երազներից գլխավորը ստորագրում եմ այստեղ, բայց այն պայմանով, որ դու միայն կարդաս և Հիշատակարանիդ մեջ չերևի, բարեկամության անունով հարկադրվում ես կատարել այս իմ ցանկությունը, իմ պատիվը ժողովրդի աչքումը պահելու համար[1]։

Եվ այսպես, երկար և տեսակ տեսակ մտածողութեններից հետո, քնեցա։

Ինձ թվեցավ, թե գտանվում եմ մի գեղեցիկ դաշտում, կանաչ արոտի վերա թեք ընկած մի ծառի տակ. առաջևիցս վազում էր մի քաղցր և պայծառ վտակ։ Տեսա, որ գալիս է հեռվից մի երիտասարդ մարդ, երկարահասակ և նիհար. տեսա, որ շատ վաստակած հազիվ հազ փոխում էր քայլերը. նա չնկատեց ինձ, որովհետև ծառը խափանարկու էր նորան ինձ տեսանելու։ Թուլութենից համարյա թե վայր ընկնելով, նստավ

  1. Այն բանը, որ ընդդեմ չէ հորեղբորս ճաշակին և հասկացողությանը, անտարակույս ընդունելի է ժողովրդին, ըստ որում հորեղբայրս ունի լավ ճաշակ և տեր է խիստ բարոյականության։ Բացի սորանից պ. Շահբեգի պարկեշտութենից հառաջացած արգելանքը զրկանք ճանաչելով Հիշատակարանիս ընթերցողներին, արժան համարեցի ներս բերել Հիշատակարանիս մեջ նորա խորհրդավոր տեսիլը, հուսալով մեր բարեկամի ներողամտության վերա։
    Ծան. Կոմս Էմմանուելի