տակիս մեջ կենդանացած մարգերի մարմինքը ևս կենդանանային, ապա ուրեմն պիտի տեսանեի անշուշտ թե ի՛նչպես անբախտ պոլոնիացի Մարիա Լեշչինսկին, դուրս էր գալիս մեծ Տրիանոնից անտառի և գիշերի առանձնության մեջ ողբալու յուր թշվառությունը, գիշերին, ծառերին և հովերին բանալու յուր սիրտը։ Պիտի տեսանեի անշուշտ, թե ինչպես փոքր Տրիանոնի պատուհանում դրվում էր Թագավորի սիրականի ձեռքով խորհրդավոր ճրագը, և Թե ինչպես Թույլ և մեղկ և կարդինալին ստրկացած Լուդովիկոս տասնևհինգերորդը դուրս էր գալիս պալատից, ոգևորված միմիայն այդ խորհրդական ճրագի լուսով...
«Հո՞ւ, հո՞ւ, հո՞ւ», ընդհատեց լռությունը ավերակների ժառանգը։ Ես հետևեցա ձայնին, տեսանելու Աթենասի նվիրականը։ Նա թռել էր մի հոյակապ արձանի վերա, որ կանգնեցուցած էր քարաժայռի տակ, մի բոլորակաձև հրապարակում։ Նայեցա չորս կողմս, կամելով հասկանալ, թե ի՛նչ տեղ էր այդ և ահա հիշեցի ցերեկը ինձ առաջնորդող սպասավորի պատմածը։ Այդտեղ լինում էին երբեմն երաժշտական նվագածությունը, որ կարգում էր ֆրանսիական թագուհիներից ամենաթշվառը—Մարիա Անտուանետտան... Հիշատակը այս անունի, մի կախարդական գավազանի զարկվածքի պես դղրդեց ուղեղս։ Աչքիս երևեցան իսկույն ֆրանսիական պուպլիցիստները, Մարաթը, յուր սպիտակ կեղծամով, որ խոստանում էր փրկել թագուհու կյանքը։ Մի փոքրից հետո, ասես թե, տեսանում էի խուռն բազմություն կատաղիների, ձայն, աղաղակ, խռովություն, էշաֆոտ, դահիճ և երկու կտրված ու արյունով շաղախված գունաթափ գլուխներ։ Ես ճանաչեցի Լուդովիկոս տասնևվեցերորդը և Մարիա Անտուանետտան... Նոցա կտրված գլուխների հար և նման մոմեղենքը տեսած էի Լոնդոնում մադամ Տյուսսոյի մոտ։
Չէ պիտո մոռանալ, որ Վերսալի փայլողությունը սկսեց շիկանալ այն ժամանակից, երբ ֆրանսիական ազգի սիրտը ցրտացավ դեպի Լուդովիկոս տասնևչորսերորդը։ Այս ցրտությունը հավասար չափով աճում էր, որքան հ. Լա շեզ, թագավորի խոստովանահոր ազդեցությունը Լուդովիկոսի վերա։ Ասես թե ազգը զգում էր դորա հետևանքը և արդարև Լուդովիկոսը մեռավ հիսուսյան (եզվիտ, ճիզվիթ) դարձած:
Առավոտը վաղ վերադարձա Փարիզ։
Փարիզի մեջ կան երկու ազգային վարժարանք, մինը Մուրադյան, իսկ մյուսը Հայկական։ Առաջինը գտանվում է Մխիթարյան միաբանության իշխանության տակ, և վարժարանի ներկա կառավարիչը է հ. Ղևոնդ Ալիշանյանը։ Վարժարանը գտանվում է Սեյնի մյուս կողմում, քաղաքի ծայրում. բավական գեղեցիկ շինվածք, երկու հարկով, որի վերա կարելի