Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ուշացած է հայերի համար, և այդ խորհրդով կատարված աղոթքները չեն անցանում մթնոլորտից դեպի վեր։

Բուն ազգային անվանված վարժարանը գտանվում է քաղաքից դուրս, Գըրրնել ասացյալ արվարձանի Վիոլե փողոցում։ Վարձով բռնած տունը վարժարանի համար, անտարակույս, չունի այն հարմարությունքը, որ ունի Մուրադյան վարժարանը, թեև միևնույն անհարմարության ենթարկված են երկուքը ևս, այն է քաղաքից հեռավորությունը, որ ծանրացնելու էր անտարակույս օրինավոր վարժապետների այցելության և ուսուցչության գինը, և այս է մանավանդ պատճառը, որ շատ հասարակ մարդիկ դասատու են այդ դպրոցներում։ Ազգային վարժարանը բաղկանում է մի բավական գեղեցիկ տնից, ուր գտանվում են արգո կառավարիչների բնակարանքը, հյուրընդունարանը և մի սենյակ, ուր կատարվում է աստվածային պաշտոնը։ Տունը ունի մի բավական ընդարձակ պարտեզ աշակերտների և կառավարիչների հանգստության համար, պարապ ժամերում։ Բացի ասացյալ տնից, նորա մոտ գտանվում են երկու փոքրիկ շինությունք, ուր բովանդակվում են դասատունքը և աշակերտների ննջարանքը։

Ընդամենն տասն և յոթն աշակերտ գտա ես ազգային վարժարանում, որ պարապում էին նախակրթական պարզ առարկաներով, ինչպես նաև Մուրադյան վարժարանի մեջ։ Դպրոցը գտանվում է Ամբրոսիոս և Խորեն հարգելի վարդապետների անմիջական տեսչության տակ, որոնցից յուրաքանչյուրքը դասատու են նույնպես մի քանի առարկայի։ Դպրոցը բացված է Սարգիս, Գաբրիել և Ամբրոսիոս վարդապետների ձեռքով, երբ սոքա կտրվեցան պապականության հետ հաղորդակցութենից. դպրոցի ծանրությունը գտանվում է Կոստանդնուպոլսի հայերի ուսերի վերա։ Որովհետև ընդդեմ է առողջ բանականության որևիցե գործ սկսանել առանց մի հաստատ հիմք ունենալու, այս պատճառով ևս ազգային դպրոցը, որպես արդյունք մի պատահական կայծի, առանց որևիցե ապահովության, այս րոպեումս գտանվում է նեղության մեջ դրամական մասին։ Մեք Ռուսիայի հայերս սովոր չենք այսպիսի գործ կատարել, բայց փորձերը, որ կատարվեցան քանի և քանի անգամ Տաճկաստանի, Կոստանդնուպոլսի մեջ, հաստատում են, թե մեր այնտեղ գտանված ազգայինքը շատ դյուրավառ են դեպի այսպիսի գործեր, որ հետո շիջանում են շուտով չլինելով հնարք պահպանության։ Պետք էր մի փոքր ավելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում. պատճառ, մի քանի տարի ոտքի վերա պահել մի դպրոց և այնուհետև խափանել արդեն, հայտնի և բավական զգալի վնաս է։ Գումարը արծաթի,