Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր զավակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկե տղայական սըրտերի մեջ ազգության սերմը այնպիսի խնամով և հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը։ Զավակների մայրը է գերդաստանի մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի մայրն են։ Բայց ի՞նչպես են մեր ազգի մայրերը ներկայումս, արդյոք յուրյանց կյանքի մեջ մի օր, մի Ժամ, մի վայրկյան մտածում են յուրյանց զավակների մասին բարոյապես, մեք պատասխանում ենք, ո՛չ։ նոքա դեռ նոր աշխարհ բերած մանուկը, ըստ մեծի մասին, հանձնում են օտարազգի դայակների, հայի զավակը աճում է օտարի կաթով, օտարի լեզուն և հոգին ներս է մտանում նորա մեջ այն կաթի հետ, որ սուրբ չէ մեզ։ Հայ տիկինը ամոթ է համարում ինքյան ծիծ տալ յուր զավակին. ի՛նչպես կարելի է, որ նա երեխայի պատճառով հետ մնա խրախճաններից, պարահանդեսներից և դիմակահանդեսներից. թող երեխան աճե ուրիշի հոգաբարձությամբ, եթե հայ չլինի, գոնե մարդ կլինի, եթե հայի կրոնը չիմանա, գոնե ուրիշինը կիմանա։ Մես շրթունքը այրվում են այս խոսքերը կրկնելու ժամանակ, և զայրացած ամոթապարտվում ենք մեր խղճմտանքի առաջև, մտածելով, թե մինչև ո՛ր աստիճան ավերանքի և բարոյական զեխության ընդունակ են դարձել մեր կանայքը։ Ավելորդ էր մի խոսք ևս ասել մայրաքաղաքներում գտանված հայ կանանց մասին. նոքա վաղ ուրեմն կորա՛ծ են մեր համար, կորա՛ծ են և նոցա զավակները: Նոցա հայությունը գուցե երևում է նորանից, որ տարին մի քանի անգամ գնում են հայոց եկեղեցի և մինչև անգամ խոստովանությունը ևս կատարում են օտարի լեզվով։ Մեք վերջացրել ենք մեր հաշիվը նոցա հետ. թողնում ենք, որ նոքա լողան յուրյանց քրինոլինների մեջ, մոլորության մի վեմից, մյուս ապառաժին զարկվելով, այլ իրավունք չենք համարում երես թեքել բոլոր հայոց ազգի կին մարդերից, որոնցից դեռևս հույս ունինք և սոցա վերա սաստիկ զարկում է մեր սիրտը։ Հայ կանա՛յք, անցան այն ժամանակները, երբ մարդիկ նայում էին կանանց վերա, որպես ստրուկների վերա։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում էին որպես մի ապրանք, ինչ, կահ, կարասիք, գնելու կամ վաճառելու բան. անցան և հետ գալու չեն մյուս անգամ այն ժամանակները, երբ օրենք տվողները նայում էին կանանց վերա, որ֊ պես մի ծննդարար գործարանի վերա, որ զինվոր էր պատրաստում հայրենիքի համար։ Անցան այն ժամանակները, երբ կանայք համարվում