Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին երբեմն սատանա և երբեմն հրեշտակ. այժմ, այս մարդասեր դարում, լուսավորյալ աշխարհը նայում է կանանց վերա, որպես մարդու վերա։ Նա ճանաչել է այժմ այն մեծ և խորախորհուրդ պաշտոնը, որ վիճակել էր աստված կանանց ազգին լցուցանելու...

Հայ կանա՜յք, դուք որչափ ևս նոր ժամանակների ծնունդ, այնուամենայնիվ դուստր կամ թոռներ եք այն մեծահոգի և խնկելի քաջ արմենուհիների, որոնց մասին մի փոքր վերևում խոսեցինք. մեծ և անմերժելի պարտականություն կա ձեր վերա նմանել նոցա և հասկանալ ձեր խորհուրդը։ Դուք ստեղծված չեք, որ միմիայն հագվիք, ուտեք, խմեք և քնեք, այլ պարտական եք մայրություն առնել և ձեր հայությունը երևեցնել ձեր զավակների մեջ. մեք անմահ ենք մեր զավակներով, ինչպես մեր նախնիքը կենդանի են մեզանով։ Հիշեցե՛ք ձեր ազգությունը, ձեր զավակների գալոց օրերը, հիշեցե՛ք ձեր հին մայրերի քաշածները և աշխատեցեք հայեր տալ մեզ, ինչպես ձեր նախնի մայրերը աշխատում էին։ Ձեր ցանկութենից և աշխատութենից կախվում է ծաղկեցնել և փառավորել այն, որ հազարների արյունով և բյուրերի արտասուքով պահվել է մինչև այժմ. նույնպես ձեր ծուլութենից, անհոգութենից և չհայութենից է կախվում, որ ունայնանան մեր հորերի և մորերի քաշածները և մեք բոլորեքյան անհայտանանք, որպես մի կաթիլ ջուր ահագին ծովի մեջ:

Հայ կանա՛յք, մեր ազգը ավերվել է այժմ, նորան պիտո է վերանորոգել. նա թմրել է մի խոր քնով, նորան պիտո է զարթեցնել, բայց այս երկու դիպվածում ևս ամենայն ջանք և աշխատությունք զուր կերթան, եթե դուք չմերկանաք ձեր վերայից անհոգության դատապարտելի քողը, եթե դուք չհագնեք հայությունը, ոչ որպես քրինոլին, այլ որպես գույն ձեր մարմնի, որ ոչինչ բան չէր կարող քերել հանել ձեր վերայից:

Ամենայն ուսումն և գիտություն, դպրոցներում ավանդված, ուշացած են և դժվարավ կներգործեն ձեր զավակների վերա, եթե նոքա ստացած չէին ձեզանից մի ընդունական դաստիարակություն։

Չենք պահանջում ձեզանից այն ընտանեկան դաստիարակությունը, որ պահանջելի էր եվրոպացի կանանցից, առ ժամս, մինչև մեր ազգի նոր մայրերը, հերիք է մեզ և շատ շնորհակալ կլինինք, եթե դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զավակներին նախ, մեր լեզուն, երկրորդ, հոգով և սրտով հայություն, և երրորդ, անձնազոհ սեր դեպի ազգությունը, դեպի մեր ազատ կրոնը։

Աշխարհը հառաջ է գնում, վերստին ծաղկում են թառամած ազգությունք, և մեզ արժան է անհոգ չլինել այն պարծանքի մասին, որ