Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքերը հարուստ լինին այսպիսի հիշատակարաններով։ Սոցա պաշտոնը պատմության մեջ այն է, որ շատ անգամ կարող են վկա լինել ժամանակագրության մի երևելի անցքի, որ անցել էր ազգի մեջ և որի թվականը գուցե թե կորած էր կամ ճիշտ չէր։

Մինչև որ այս բաները եղած չէին, հայոց ուսումնականի գրած պատմությունը նույն բանը կլինի, ինչ որ մինչև այժմ եղած է և ինչ որ մի օտար եվրոպացի գրել է, կամ կարող էր գրել, ըստ որում չկային պարզ և նոր աղբյուրք:

Լուռ մնալ մի այլ հարկավոր բանի մասին ևս չենք կարող։ Մեր ազգի ուսումնականներին հայտնի է, որ մեր դպրությունը և լեզվի հիշատակարանքը սկսանում են չորրորդ դարուց, այսինքն Լուսավորչից, որի Հաճախապատում գիրքը սկիզբն դնում է քրիստոնեական հայոց մատենագրության:

Բայց հայոց տերությունը Հայկի ձեռքով հիմնվեցավ Քրիստոսից 2107 տարի հառաջ, ուրեմն 2428 տարի նախքան Լուսավորիչը։ Նորանից հետո Պարույր նահապետի թագ կապելով, Քրիստոսից 749, ուրեմն Լուսավորչից 1070 տարի հառաջ, անցավ օրինավոր թագավորության կարգ: Քրիստոսից 149, ուրեմն Լուսավորչից 470 տարի հառաջ վերանորոգվեցավ հայոց տերությունը և այնուհետև սկսավ Հայաստանը ծաղկել և բարեկարգվիլ: Այո, մինչև Վաղարշակը չեն եղել հիշատակարանք կամ գրվածք, եթե լինեին, նա կարոտելու չէր Նինվեի դիվանին, բայց Վաղարշակի հիմք դնելով և նորա օրինակով պիտո է մտածել, որ մեր ազգի մեջ ևս մի բան մտած էր պարսիկ, ասորի կամ հույն գրերով։

Ինչ որ կար չկար, թե արքունական և թե մեհենական գրվածք կամ մատյանք, որ պատկանում էին հայոց ազգի հեթանոսական կյանքին, Լուսավորչի ձեռքով դատապարտվեցան դեպի կորուստ, դեպի կրակ առանց ամենևին խնայելու, կորան կործանվեցան և այն գեղեցիկ արձանները, որ այսօր կարող էին հասկացնել մեզ հայոց ազգի եղած ճարտարագիտության չափ ու կշիռը, և քրիստոնեությունը մի անհայտության պարիսպ քաշեց մեր քրիստոնեական և անցած հեթանոսական կյանքերի մեջ:

Այս պատճառներով ահա, մեզ հայտնի չեն շատ բաներ, չգիտենք մինչև անգամ թե ինչպես էր մեր հայկաբանության ձև ու ոճը քրիստոնեութենից հառաջ, որովհետև քրիստոնեական ժամանակների հայկաբանությունը ստրկացած է հունականին ոչ բառացի, այլ տառացի մտքով, եթե կարելի է այսպես ասել, և այս բանը կերևի պարզ, եթե օրինավոր