Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԴ

Պ. Չերքեզյանի հայհոյությունքը— Պ. Խուդաբաշյանի գիրքը— Պ․ Բաբկենյանցի նամակը— Սկայորդու տարածած լուրերը— Հյուսիսափայլը և և Հիշատակարանս — Կ. Պոլսի հայոց և հունաց պաատրիարքների փոփուխությունքը։

§ 1. Մեզ գրում են, թե ինչո՛ւ համար լուռ մնացինք կարդալով տեր Մանդինյանցի Մեղուի մեջ (համար 13) պ. Չերքեզյանցի հայհոյությունքը, որ ամենայն առատությամբ թափվում էր Հյուսիսափայլի թե հրատարակողի և թե նորա գործակիցների վերա։

§ 2. Մեզ գրում են, թե ի՛նչ պատճառով մինչև այժմ մի քանի բառ չխոսեցինք պ. Խուդաբաշևի «Обозрение Армении» մակագրով գործի վերա, մինչդեռ շատ նյութ կար այնտեղ Հիշատակարանիս համար։

§ 3. Մեզ գրում են, թե ո՛ր զանցառության պատճառով չմերժեցինք լուրերը, որ Ճռաքաղից հետո (հոկտեմբերի 17֊ին) ծնած Սկայորդին քանի մի անգամ հրատարակեց տեր Մանդինյանցի Մեղուի մեջ, որպես թե Հյուսիսափայլը խափանվելու էր, որպես թե մեք հեռանալով հրատարակողի գործակցութենից, դադարել էինք աշխատելուց, և թե ինչո՛ւ մինչև այժմ չհայտնեցինք մեր երկարատև լռության պատճառը։

§ 4. Մեզ գրում են, թե ինչու համար Հիշատակարանս կամ Հյուսիսափայլը, չէ նվիրում այնքան ուշադրություն բուն ազգային խնդիրների, որքան լցնում է յուր էջերը կամ ընդհանուր լուսավորության վերաբերյալ բաներով, կամ շատ և շատ հարևանցի քերվելով ազգային խնդիրների մոտից։

Այս չորս խնդիրքը հասել են մեզ բազմաթիվ նամակներով․ թեպետև առ ի սրտե պատրաստ էինք հարգել մեր ազնվամիտ թղթակիցքը, պատասխանելով նոցա հարցմունքին, բայց ֆիզիկական անկարելությունը, առանձին պատասխանել այդ բոլորին, հաղթահարում է մեզ և հարկադրում է դիմել դեպի մամուլի օգնությունը։ Այս պատճառով ևս որոշեցինք Հիշատակարանիս միջնորդությամբ խոսել, ուր մաքուր խղճմտանքով կաշխատենք հանդես հանել մեր պատճառները և կերպարանագործել