մեր հայացքը, որ ունեինք այս առաջարկած խնդիրների մասին։
§ 1. Պ. Չերքեզյանցին հարգություն ցույց տված պիտի լինեինք, պատասխանելով նորա գրվածին, բայց մեք կարող չէինք հարգել մի մարդ, որ պարսավ էր գրում փոխանակ կրիտիկայի և մի գործ քննելու տեղ անդուռն բերանով հայհոյում էր այդ գործի հեղինակը։ Եթե նորա գրածը լիներ մի այնպիսի բան, որի օրինակը տեսված լիներ որևիցե քաղաքակրթյալ ազգի դպրության մեջ, անշուշտ կհարկադրվեինք պատասխանել, բայց պ. Չերքեզյանցի գրվածի մեջ բացի անամոթ հայհոյութենից բան չգտանք, ուստի և հարկ եղավ լռությամբ մերժել, որ պատասխանելով, մի գուցե մեք ևս ընկերանայինք արժանի գրվածի արժանի հեղինակին։
Եվ ինչ հարկ կար պատասխանելու մի գրվածի, մինչդեռ հասարակաց կարծիքը դատապարտեց նորա հեղինակը։ ճշմարիտը խոսելով, մեք անչափ ուրախացանք տեսանելով մի այդպիսի թե գրողին և թե հրատարակողին արժանի հոդված։ Պարոնը, շատ ժամանակից սկսած, լրացյալ և անթերի իմաստություն վաճառելով մի տեսակ մարդերի, մանավանդ պանդոկների անկյուններում, կարծիք էր տարածել ամբոխի մեջ, յուր գերածայրյալ լուսավորության մասին։ Հնարը, որով պ. Չերքեզյանցը կարողացել էր ներկել անդաստիարակ և անկիրթ պարոնների աչքեր, եղած էին նորա անհագ չարախոսությունքը, այս կամ այն պարոնի վերա, հրատարակելով սորանց տգետ և առաթուր կոխելիք յուր բարձրագույն գիտության ոտքի տակ։
Այս բանին մեծապես օգնել էր նաև այն սոփեստական քննությունը ռուսաց լեզվով հայ Քերականության վերա, որ պ․ Չերքեզյանցը հրտտարակել էր, ցույց տալու համար յուր գիտությունը հայկական լեզվի մեջ։ Մի քանի բազմադեմ, կամ, ավելի լավ է ասել, անդեմ մարդիկ, փոքր էր մնացել, որ կիսաստվածների կարգը դասեին այգ քննության հեղինակը[1]։ Դոցա մեջ էր գտանվել և մեր բարեկամներից մինը,
- ↑ Պ. էմինի Քերականությունը. որի վերա գրված էր վերևում ասված քննությունը, այնպիսի մի գործ չէր, որի թերությունքը ցույց տալու համար հարկ լիներ քննություն գրել։ Ինքը պ. էմինը, երբեք չէ համարել այդ գործը սխալներից ազատ: Գլխավոր ուշադրության արժանին այն է (իհարկե, եթե հավատանք չար լեզուների խոսածին), որ այդ քննության հեղինակը եղել է ո՛չ պ. Չերքեզյանցը, այլ Սայլանթյան Միքայել եպիսկոպոսը, որ, աննական թշնամության պատճառով պ. էմինի հետ, շարադրել է այդ քննությունը և տվել է պ. Չերքեզյանցին ռուսերեն թարգմանելու, շնորհելով նորան գրվածքի տակ «Астраханский армянин» ստորագրելու իրավունքը, որպես վարձ աշխատության: Մեր համար, ով և լիներ դորա հեղինակը, այդ քննության մեջ տեսանում ենք միայն