Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս չէ կարելի չտեսանել պարկեշտությունը, յուր ասպարեզը սկսանելով կես մատնաչափ մի գրքից․ մանավանդ քննության արժանի առաջին բանը համարելով հանդես հանել տպագրության սխալները: Ամենայն հաջողություն ցանկանում ենք պարոնին այս նոր ասպարեզի մեջ, և հավատում ենք, որ նորա ջանքը կպսակվի, կատարելագործելով, եթե ոչ հայ հեղինակների աշխատությունքը, գոնե հայատիպ մամուլների գրաշարությունը։

Մեր երկարատև լռության մասին, այսքան միայն արժան ենք համարում ասել, որ դա մի կամայական բան չէր։

Մեք միշտ Հյուսիսափայլի հետ ենք եղել և կմնանք. Հյուսիսափայլի դավանությունը է և մեր սրտի խոստովանությունը։ Եվ եթե պատահի մեզ, ո՛վ գիտե, ճանապարհորդությամբ կամ այլ զանազան, մեզանից չկախված պատճառներով ավելի երկար լուռ մնալ, այնուամենայնիվ անբաժան ենք Հյուսիսափայլից, և Հիշատակարանը պիտի երևի նորա մեջ։ Բացակայության ժամանակ, ճանապարհորդության փոշիների միջից ևս կաշխատենք լսելի կացուցանել մեր ձայնը ընթերցող հասարակության, որքան և որչափ հնարավոր կլինի, մի այդպիսի վիճակի մեջ գտանվող մարդու, գործ կատարել։

Աշխատենք պատասխան տալ և հետևյալ խնդրին։

§ 4. Հյուսիսափայլը կամ Հիշատակարանս կարելի եղածի չափ պարապում են ազգային բաներով և միշտ պիտի պարապին այն չափով, ինչ չափով կարող է մի փոքրիկ հասարակություն գործակատար գտանվիլ։ Մեք խնդրում ենք այն մարդերից, որ թեթև աչքով նայում են մի շարունակ հրատարակության վերա, իջանել հայկական դպրության ասպարեզը և դորանով ոչ միայն լցուցանել մեր պակաս թողածքը, այլև փորձել աշխատությունը։ Պահանջել շատ հեշտ է, բայց ամենայն պահանջողություն պիտի լինի բանական դատողությամբ։

Ավելորդ ենք համարում ասել, թե ոչ ոք իրավունք չունի բռնադատել ուրիշի սրտի վկայությունը. Հյուսիսափայլի ուղղությունը հայտնի է արդեն, նա մինչև վերջը հաստատ պիտի մնա յուր ուղղության մեջ, պարտական չհամարելով յուր անձը ուշադրություն դարձուցանելու անկյունախոս ճարտասանների իմաստակության վերա։

Ազգի էական օգուտներին զոհել ենք և պիտի զոհենք ամենայն բան. պատասխանելու չենք տրտնջանքին, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են այսպիսի չնչին զոհերի պատճառով։ Դորա հակառակ շնորհակալ կլինինք, եթե մի բանասեր ցույց տա մեր վնասը ազգի ընդհանրությանը և նորա ապագա ճակատագրին։