Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձնարարել է գիտական ճանապարհորդություններ կատարել, հետազոտելու Փոքր Հայքի քաղաքների ավերակները և Իտալիայի թանգարաններում պահվող փաստաթղթերը, որոնք բավականաչափ պարզում են միջին դարերում Եվրոպայի և Ասիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները։

Ֆելիքս Նեվ․ Թոմա Մեծոփեցի պատմիչի մասին գրած երկի հեղինակը և Գրիգոր Նարեկացու մի քանի հոգևոր երգերի թարգմանիչը։

Նշանավորագույն հայագետների և նրանց մի քանի աշխատությունների սոսկական այս թվարկումը բնականաբար հարուցում է հետևյալ հարցերը. ի՞նչն է, որ հարկադրում էր Եվրոպայի լուսավորված կառավարություններին գիտական արշավախմբեր ուղարկել հին Հայաստան, նրա ավերակները հետազոտելու և հայոց լեզվի ամբիոններ հիմնելու իրենց համալսարաններում։ Ի՞նչն է դրդել եվրոպական գիտնականներին թափանցելու հայկական հնության դարավոր խավարը և կյանքի վտանգով հետազոտելու Հայաստանի մոռացված ավերակները։ Ի՞նչն է առաջացրել նրանց մեջ այն եռանդը, որով նրանք ուսումնասիրում են հայոց լեզուն։ Ի՞նչ հույսեր է պահպանել նրանց մեջ այն հարատևությունը, որով նրանք հաղթահարում են անխուսափելի դժվարություններ և ուսումնասիրում իրենց համար օտար մի լեզու, չունենալով ձեռքի տակ ուսման ձեռնարկներ։ Եվ ի՞նչ պտուղներով է պարգևատրել աշխատողներին արևելյան լեզվագիտության այս ճյուղը։

Վերոհիշյալ հարցերը լուծելու նպատակով կաշխատեմ քիչ խոսքերով շարադրել, թե ինչո՛ւ և ի՛նչ աստիճան կարևոր է Հայաստանի ուսումնասիրությունը և ի՛նչ հարստություններ է պարունակում նա իր մեջ պատմական և գրական տեսակետից։ Բիբլիական ավանդությունները, հին Պարսկաստանի ժողովրդական ուսմունքները և Բյուրնուֆի, Բոպպի, Լասսենի և այլոց լեզվաբանական խորազնին որոնումները և եկեղեցու հույն և լատին հայրերի միաձայն վկայությունները, որոնք, համաձայն Մովսեսի՝ «և նստաւ նստաւ տապանն ի լերինս Արարատայ»՝ խոսքերի, Հայաստանը ճանաչում են մարդկային ցեղի օրրան[1]։

Հայերի և հարևան այլ ժողովուրդների ավանդությունները Արարատը կայան են համարում այն հրաշալի նավի, որը փրկեց մարդկային ցեղի երկրորդ հորը համաշխարհային ջրհեղեղից. Արարատի շրջակայքում գտնվող շատ տեղանունների ստուգաբանությունը մինչև հիմա

  1. Զենդ - Ավեստայում և պարսից սրբազան այլ գրքերի մեջ Հայաստանը անվանված է Իրան-վեգյաս, այսինքն Իրան-հստակ՝ երկրի վրա ստեղծված և բնակեցված առաջին տեղը, մի ավանդություն, որ զարմանալի կերպով համապատասխանում է Ծննդոց գրքին։