Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգուտ կտա հայերեն լեզվի ուսումնասիրությունը, մանավանդ, երբ նկատի ունենանք, որ Տաճկաստանի և Պարսկաստանի առևտրական շրջանառությունները հայերի ձեռքումն են, և որ Ռուսաստանի առևտրական հարաբերությունները Արևելքի հետ կատարվում են առավելապես Հայաստանի ձեռներեց վաճառականների միջոցով։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որպիսի օգուտ կարող է բերել պատմությանն ու լեզվագիտությանը հայ լեզվի և գրականության ուսումնասիրությունը՝ այդ բանը հեշտ կարելի է եզրակացնել ժողովրդի պատմական կյանքից, որը, ինչպես տեսանք, կապված էր հին աշխարհի համարյա բոլոր ազգերի հետ և անմիջական կամ կողմնակի ազդեցություն է ունեցել այն բոլոր մեծ դեպքերի վրա, որոնք կատարվել են քաղաքացիական կամ կրոնական ասպարեզում։ Եվ իրոք, հայ գրականությունը մեծ լույս է սփռում Արևելքի հին պատմության վրա, պահպանելով այնպիսի անհայտ մանրամասնություններ, որոնք վերաբերվում են Մարական և Ասորեստանյան թագավորությունների պատմությանը, նամանավանդ Շամիրամի և Կյուրոսի պատմությանը։ Նա պարունակում է շատ հետաքրքրական և կարևոր տեղեկություններ Արշակունյան և Սասանյան հարստության պատկանող պարսից թագավորների մասին, և ինչպես և լրացնում է Արևելյան կայսրության պատմության բացերը, պարզում է նաև շատ էջեր արաբացիների, սելջուկների, թուրքերի, մոնղոլների տիրապետության և խաչակրաց արշավանքների վերաբերյալ․ նա որոշ տեղեկություններ է հաղորդում Կովկասյան լեռների և էվքսինյան Պոնտոսի ափերին բնակվող ժողովուրդների մասին․ մյուս կողմից հայ գրականության ուսումնասիրությունը, գրականության, որ ունի սուրբ գրքի[1], եկեղեցու հայրերի ստեղծագործությանց, Պլատոնի, Արիստոտելի և հունական, ասորական և պարսկական այլ գրողների երկերի զարմանալի ճիշտ թարգմանությունները, վերին աստիճանի կարևոր է հիշյալ աշխատությունների շատ մութ կետերը բացատրելու, արտագրողների աղճատած բնագրերը մաքրելու համար։

Հայ գրականությունը պահել է սուրբ հայրերի ստեղծագործություններից շատ երկեր և հատվածներ, որոնց բնագիրները այլևս գոյություն չունեն։ Այսպես․ վերջերս նրա հետ ունեցած ծանոթությանն ենք պարտական

  1. Եվրոպական գիտնականների կարծիքով այդ թարգմանությունը գերազանցում է սուրբ գրքի գոյություն ունեցող բոլոր փոխադրությունները։ Լակրոզը այն կոչում է «թագմանության թագուհի»։ Անգլիացի գիտնական Կլավդիոս Բուկանանը զարմանում է այդ թարգմանության ճշտության վրա, որին անկասկած նպաստել է հայ լեզվի ճկունությունն ու ուժը։