Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվսեբիոսի ժամանակագրության, Փիլոնի հատվածների ս. Եփրեմի, Հովհան Ոսկեբերանի և այլոց գործերի գյուտով, գործեր, որոնք անդարձ կորած էին համարվում։ Քանի որ իսկականները կորած են, ուստի այդ թարգմանությունները, որոնք խոր հնությունից են գալիս, համարվում են թանկարժեք։ Այդ թարգմանությունների ճշտության մասին՝ բացի հունարենի վերաբերմամբ հայերի ունեցած խոր հմտության, երաշխավորում է և ինքը — հայ լեզվի մեխանիզմը, հարուստ՝ բառագիտական տեսակետից և քերականական ձևերով, շարահյուսության ճկունությամբ և մի առանձնահատկությամբ, որ հնարավորություն է ընձեռում վերին աստիճանի բազմազան ու բարդ բառակազմության։

Հայ գրականությունը մեծ ծառայություն է մատուցում նաև ասորական գրականությանը՝ ինչպես քաղաքական, նույնպես և եկեղեցական պատմության վերաբերյալ, քանի որ քրիստոնեական կրոնը Հայաստան մուտք գործելու օրից ասորական հոգևորականությունից շատերը անցան այնտեղ, ուր հիմնեցին վանքեր և վարում էին զանազան եկեղեցական պաշտոններ, այնպես որ Հայաստանի ամբողջ հարավարևմտյան մասը, որ ընկած էր Եփրատի և Տիգրիսի մեջ, ասորի եպիսկոպոսներ ուներ և ենթակա էր Անտիոքի պատրիարքին, ինչպես և մինչև հայերեն տառերի գյուտը և սբ. գրքի հայերեն փոխադրությունը, ժամասացությունն ու գրքերը ասորական լեզվով էին և գործ էին ածվում ասորերեն գրեր։

Ուստի դեռ V դարում հայերն ունեին սբ. Եփրեմ Եդեսացու ստեղծագործությունների թարգմանությունները, Հակոբ Մծբնա հայրապետի քարոզները և Ասորիքի նշանավոր գրողների ստեղծագործությունները։ VI դարում իրենց կարծիքների համար հայրենիքից վտարված ասորական քահանաները բնակություն հաստատեցին Հայաստանում և թարգմանեցին Մանեսի, Թեոդորոս Մոպսուեստացու հերձվածական գրքերը, նեստորականների երկերը, կեղծ հին ու նոր կտակարանների գրքերը։ Հետագայում թարգմանվեցին շատ ուրիշ աստվածաբանական գործեր։ XIII դարի կեսին է վերաբերվում Անտիոքի հակոբյանական պատրիարք Միխայելի Տիեզերական պատմության թարգմանությունը։ Այս երկի մասին մեծ գովասանքով է խոսում Գրիգոր Աբուլ-Ֆարաջը իր ասորերեն լեզվով գրած տիեզերական պատմության մեջ։ Այս թարգմանությունը շատ հետաքրքրական է մանավանդ այն պատճառով, որ իսկական բնագիրը կորած է համարվում։ Հայ գրականության մեջ կարելի է նույնպես և ավելի գրական տեղեկություններ ձեռք բերել հին