Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յուսամ զի ես կարեմ ապրել յովկիանու ջուրցն ի խոր․
Թէ յիմ վերայ հովանասցի ամենակալ բազուկդ Հօր։
Քև բղխեցա յանապատին ջուրն ի վիմաց արաստոյ․
Քև պահեցաւ ի խորս ջուրց նոյն չարաբաստ ծառայն քո։
Յիշխանականն ի յաթոռ դու գո կամիս նստուցանես․
Եվ ում զլանաս ի փառաց հեշտին զնա դու կապտես։
Արտասուաթոր անոք հիգին դու ես միայն ապաւէն.
Ում ոտնահար լինին մարդիկ, եւ ում երես ոչ առնեն․
Ամենեքին զիս թողին ձեռս ի ծնոտի․ աչս ի լաց
Սիրտ իմ ցաւօք դևլանի, սակայն ի քէն անմոռաց․
Յիս հաստատեա սիրտ անվկանդ բաղդին ընդդէմ հարուածոց
Եւ ղեկավար կաց նաւակիս ումդ հառաչեմ ի խորոց։
Յայնժամ հասից ես անվտանգ յափն անքոյթ իմ կենաց,
Խաղաղութեամբ առագաստեալ ընդ անհուն ծով փորձանաց»։

Այս սրտաբուխ աղոթքից հետո իմ թուլացած ծունկերը վերստին ստացան յուրյանց ույժը և սիրտս փոքր-ինչ մխիթարված և թեթևացած արտասուք թափելովս. վեր կալա ձեռիս գավազանը և դարձյալ շարունակեցի իմ զբոսանքը։ Հանկարծ տեսանում եմ, մի առույգ պատանի գալիս է, դեպի ինձ ուղղած յուր քայլերը, նորա պարզ երեսի վերա տարածված էր տրտմության վարագույրը, զգեստը կիսամաշ և ինքը խորասուղած մտայածության անդունդի մեջ։ նորան այնպես տեսանելով, ես մոռացա իմ բոլոր ցավերը։ Մոտեցանք միմյանց անծանոթաբար․ մեկ մեկու աջ կարկառեցինք, և իրյար ողջունելուց հետո․ նստեցինք գետի ափումը կանաչ խոտի վերա։ Խոսակցության թելը նա բաց արեց, և ինձ հարցրեց այսպես։ Ո՛վ ես դու,անծանոթ բարեկամ, ՞որտեղից ես գալիս, ի՞նչ պատճառով և ո՞ւր ես գնում։ Ա՞խ, ասացի ես նորան, ազնիվ բարեկամ, քո հարցմունքը դարձյալ կենդանացնում են իմ մեջ այն տխուր հիշատակների պատկերը, որ հազիվ էի կարողացել փոքր֊ինչ հանել իմ մտքից։ Ես ազգով հայ եմ, անվամբ Նահատակ․ հռչակավոր Փարիզից մեր բոլոր ապրանքը վեր առած, իմ տասն և մի ընկերներիս հետ շոգենավ նստեցի Բորդո քաղաքից գնալու դեպի արևմտյան Հնդկաստան։ Ամեն դժվարության հաղթելով, Հնդկաստանի ափերի մոտ մի ահագին փոթորիկի դիպեցանք. ծովեզերյա բնակիչների բարեսիրտ հոգացողությամբ հազիվ կարողացանք խլել մեր կյանքը մահվան դոկից, բայց ամենևին կորցրեցինք մեր ապրանքը։ Իմ բոլոր ընկերներս այստեղ ու այնտեղ գնացին յուրյանց թշվառ կյանքի պիտույքը հայթայթելու։