Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միայն նոցանից մեկը իմ մոտ մնաց, որ մի հոգեկան սիրո կապանքով իմ հետ շաղկապված էր. ես նորա հետ երեք ամիս կյանք վարեցի մի գեղջուկ սենեկում. իմ անտանելի ցավերի մեջ նա էր միայն իմ վերջին մխիթարությունը։ Մեր ոխերիմ թշնամիքը գտան միջոց նորան ևս իմ գրկից հանելու։ Ա՞խ, իմ փլատակված օրերի տխուր հիշատակներ, դուք խառնվեցաք Ժամանակի հոսանքի հետ և անհետ չքացաք մշտընջենավոր օվկիանոսումը։ Ձեր մխիթարական արևը այլևս ծագելու չէ իմ վերա։ Այժմ մնացել եմ միայնակ, նախատինք իմ ոխերիմ թշնամիների բերանում. այն մարդիկն ևս, որ մեր վերջին աղետքին ականատես լինելով, մեզ հուսադրում էին և կարեկցություն էին ցույց տալիս, իսպառ մոռացան մեր անունը և լոկ քաղաքավարության պատճառով ընդունում են մեր ողջույնը։

Եթե իմ այսօրինակ ողբալի դրության մեջ մի հինօրյա երախտագետ բարեկամ զրկե ինձ յուր քաղցրության շառավիղներից, ապա լա՛վ իմացիր, որ այնուհետև ամենայն ինչ վերջացած էր իմ համար։ Ահա ես այս դառն վիճակի տեր մարդն եմ։ Մեծահույս էի, որ պարզերես կվերադառնամ իմ հայրենիքս, բայց, ավա՜ղ, այդպես չէր գրած իմ ճակատի վերա։ Եթե կամիս իմ ընկերիս անունը իմանալ, իմս չմոռանաս։ Մնացել եմ վարանման մեջ և չգիտեմ ի՞նչ առնեմ. եթե վերադառնամ իմ հայրենիքս այսպես մերկ ու աղքատ, իմ երկրացիներին ծիծաղելի կլինիմ, որովհետև նոքա մի անգոսնելի բնության տեր մարդիկ են։ Եթե մնամ Հնդկաստանում, չունիմ արծաթ, չունիմ կատարյալ ուսում, և չունիմ տեր, պարտ եմ սորա և նորա ղրանը մուրալով ապրել։ Երկու կողմից ևս պաշարված եմ։ Իմ խոսքս վերջացնելուց հետո ես ասացի նրան, կցանկամ որ, ինչպես դուք իմս, նույնպես և ես գիտենայի ձեր տրտմության պատճառը, և թե ո՛վ էիք դուք։ Եթե կարելի է, պատմի՜ր, աղաչեմ, որովհետև քո ծանր կերպարանքից և քո ազդու խոսքերից հեշտ կարելի է իմաստասիրել, որ դու շատ բաներ տեսած և շատ բաներ լսած ես քո կյանքի մեջ։ Քաջ իմացիր, որ տարաբախտ մարդը, երբ հանդիպում է յուր նման տարաբախտի և լսում է նորա բերանից մի քանի ցավալի խոսքեր, կարծես թե մի փոքր թեթևանում է յուր վշտերից և սփոփվում է գտանելով մի ընկեր յուր տարած նեղություններին։

Նա խոր հոգոց հանեց և ասաց։ Ես արևմտքից եմ գալիս, արևելք եմ գնում։ Բովանդակ աշխարհը մի վայրկենում պտուտում եմ, տեսանելու մարդերի անարժան և արժանավոր գործերը, որ ավանդեմ պատմությանը։ Ես մարդկության անկեղծ բարեկամն եմ, որի հետ միացել եմ մի անխզելի կապով։ Նորա հետ եմ ծնվել, նորա հետ ևս պետք է թաղվիմ