Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միևնույն գերեզմանի մեջ։ Իմ կրած նեղությունները տարապայման են։ Մարդկության թեատրոնի մեջ ինձ պատկերացած տեսարանները շատ աղեխարշ են։ Իմ պատմությունը շատ երկար կլինի, եթե մի ըստ միոջե ձեզ ասեմ։ Բայց որովհետև կամենում եք իմանալ, ձեր սիրտը շարժելու համար կասեմ ձեզ մի քանի խոսքեր, եթե դուք ուշադրությամբ կլսեք։ Այս խոսքերից հետո նա սրտի խորքից հառաչեց և ասաց. որ ժողովուրդը հարստահարվել է, ես նորա հետ միասին հարստահարված եմ, որ ազգը անբախտացել է, ես նորա հետ անբախտացել եմ, որ ազգը հարվածվել է․ ես այնպես եմ կարծում, որ նորա թշնամու վրեժխնդիր նետը նախ իմ արյունիցս է խմել։ Որ ազգը անհետացել է երկրիս երեսից, ես մինչև նորա գերեզման մտանելը թափել եմ մի արտասուքի հեղեղ նորա վերա։ Ես տեսա, թե ի՞նչպես Նաբուգոդոնոսորը քանդեց Երուսաղեմը և գերի վարեց նորա բնակիչները։ Նույնպես տեսա ես, երբ Կամբիզես պարսից թագավորը զայրացած յուր անհաջող արշավանքի վերա կրակով դատեց հարյուրադուռն Թեբասը։ Ականատես էի, երբ պարսիկք, ալանք, արաբացիք և այլն, սրով ու հրով մտան Հայաստան և հիմնիվեր տապալեցին աշխարհը. դոցա փլատակները մինչև այսօր ևս կան։ Ես տեսա Քարկեդոնի բազմաղետ կործանումը. երեք օր հռոմայեցիք կոտորում էին դավաճանությամբ խաբված անզեն մարդիկը։ Երբ լցվեցան փողոցները նոցա դիակներով․ սկսան ճանկերով ետ քաղել դիակները և տուն մտանել կոտորելու կենդանի մնացածները։ Ես տեսա Ատտիլայի արշավանքը Եվրոպայի վերա. նա ողջ Իտալիան ավեր դարձրուց. Լևոն պապի արտասուքի կաթիլները հազիվ կարողացան նորա քարացած սիրտը ի գութ շարժել, որ խնայեր բովանդակ հին աշխարհի մայրաքաղաքին։ Մոռանում էի ասել, թե Լանկթամուրը իմ աչքի առաջև երեք անգամ արյունով ներկեց բոլոր Ասիան և Եվրոպան։ Աշխարհումը այդպիսի անցք շատ են պատահել։ Դուք ձեր կողմից շատ անխոհեմությամբ եք վարվել, բոլորովին վստահանալով մի քանի մարդերի անտեղի խոսքերի վերա։ Գրեթե ըստ մեծի մասին այդպես է. շատ խոստանում են, բայց փոքրն ևս չեն կատարում. նոցա անիրավությունը և չարությունը անասելի է։ Ես քեզ ո՞րը պատմեմ։ Այս բոլորը դու կարող ես լիովին ընթեռնուլ աշխարհի պատմության մեջ։ Այժմ ես մի նոր անցք պատմեմ, որ պատահեց Հյուսիսային Ամերիկայում։ Հիրավի՛, որ նա յուր հանգամանքով մի սրտաշարժ իրողություն է ժամանակագրության մեջ։ Այս խոսքերից հետո նա հանկարծ մեջից կտրեց բանի թելը և բացականչելով, բերանից հանեց այս խոսքերը, որ նույնությամբ դնում եմ այստեղ։