Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգատարների գործերից երևում է, որ գրեթե նոքա միշտ կամեցել են և յուրայինների հետ կատարել բոլորեցուն պարտականությունները, որ ամենեքին ևս հրամայեն տիրաբար։ Եթե սոքա կարողանային կշռել յուրյանց հասկացողությունը և կատարելով յուրյանց պարտականությունները, որոնց, ինչպես կարելի է գուշակել, շատ հարմար են եղել, չխառնվեին գործարանի ներքին իրողութենների մեջ, որոնց ամենևին անտեղյակ էին, ապա այսքան չարիք հառաջ գալու չէին։ Եվ գործարանը յուր ներքին և արտաքին բարեկարգությունը պահելով, մեծաքայլ հառաջ կերթար, հիմնադրի մեծ խորհրդին համաձայն և շատ արգասավոր կլիներ տարաբախտ Հռոմի համար։ Ինչպես երևում է, սոքա շատ հեռի են եղել այդպիսի սուրբ դիտավորութենից։ Նոքա կամեցել են միայն սնափառությամբ կշիռ ունենալ գործարանումը ծառայելով։

Այսպիսի գործերումը, ուր պարունակվում է ժողովրդի կյանքը և նորա բարոյական շրջանը, այդպիսի մարդիկ միշտ վնասակար են. պետք է լավ հասկացած: Սոքա առավել լավ մարդիկ կլինեին, եթե իրենց որպիսությունը արդարությամբ խոստովանելով, չմտանեին այդպիսի մեծ և ընդարձակ գործերի մեջ։ Որովհետև այնպիսի փառավոր հանդեսներում, ողջախոհություն, չափավորություն և մեծահոգություն են պահանջվում, որոնցից, ինչպես երևում է, սոքա շատ զուրկ են եղել. ինչպես առհասարակ ապացուցանում է փորձը։ Եթե նոքա կամեցած լինեին հայրենիքին ծառայել, կարող էին յուրյանց ջերմեռանդությունը ուրիշ բաներով հայտնե. իսկ եթե դոցանով կամեցած են ժողովրդի ուշը յուրյանց վերա դարձուցանել և ազգասերների անուն ժառանգել — չարաչար սխալվել են։

Որովհետև գործարանը յուրյանց ձեռք առնլով, ո՛չ այլ ինչ չեն մտածել, բայց միայն ժողովուրդը խաբել և անձնական օգտի ծառայել։ Ազգի օգտի վերա մտածողները հարկավ պարտ են մոռանալ յուրյանցը[1]։

  1. Ինչպես մի թունալից իժ ծաղիկների մեջ, այնպես և սա էր այն անմեղ երեխաների մեջ: Ի՞նչ ասեմ. այս դժոխային մեքենան հնարված էր տանջելու այն անմեղները։ Գիտե՞ս քանիսը նոցանից զոհվեցան դորա անգթությանը, քանիսը չհնազանդելով դորա չար կամքին, երկար ժամանակ վշտացան դորա ոխակալության կապանքի մեջ. և թե քանի՛սը երկնչելով դորա անգութ վրեժխնդրութենից, արատավորեցին յուրյանց անմեղությունը, մինչև զարթեց անմեղության պաշտպան աստվածը և մատնեց դորան յուր չար կրքին, որով խայտառակված արտաքսվեցավ գործարանից, խորհրդական անդամի այս միակ առաքինի հոգացողությամբ։ Թեպետ տակավին հոգատարը աշխատում էր նորա համար, բայց աստված ևս բարկացել էր նորա վերա և խափանեց հոգատարի մտադրությունքը և նորան հեռացրեց օտար երկրներ, ինչպես երևում է, պանդխտության դպրոցի մեջ զտելու և մաքրելու նորա սիրտը յուր տգեղ և ցավելի արատներից։