Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ այսպես քո բախտավորությունը զոհեցին յուրյանց փառամոլությանը այդպիսի վատթարամիտ մարդիկ, քանի՞ցս անգամ այդպիսի թշնամիք մարդկության թունավորեցին քո փրկության բաժակը։ Դու կորցրեցիր քո առաջին փառքը, և շիջուցիր քեզ լուսատու ճրագը։ Կորցրեցիր քո օրենքի պաշտպանը և քո բարեբախտության վերա մտածողներին։ Դու պետք է մինչև այն օրը հառաչես, մինչև քո անօրենության վրեժը հատուցանես։

Այս խոսակցութենից հետո սկսավ նա այլագունիլ, աչքերը դեպի երկինք բարձրացնել և ձեռները դեպի ինձ երկայնել և շնչարգել եղավ։ Ինչպես մարդու շատ անգամ պատահում է երազի մեջ, երբ նորան պատկերանում է մի զարհուրելի տեսարան և կամենում է նորանից փախչել, բայց նորա վաստակած ծունկերը նորան չեն հնազանդում և նորա ձայնը կտրվում է, և նա իզուր է աշխատում ազատվիլ նեղից․ ահա այսօրինակ դրության մեջ նա արտաբերեց մի քանի կիսահնչյուն բառեր, որ, ինչպես կարծում եմ, պետք է կարդինալի, հոգատարների, վերակացուի, խորհրդական անդամի, և մյուս անպիտանների անուններ լինեին։ Թեպետ ես շատ աշխատեցի իմանալ մի փոքր որոշակի բաներ նորանից, բայց նա չկամեցավ հառաջ տանել խոսքը։ Ես ևս անքաղաքավարություն համարելով ստիպել նորան, առա նորա հրաժարական ողջույնը, նա ինձանից լուսի թռչողական արագությամբ հեռացավ և անհետացավ։

Մյուս օրը որպես թե կամեցա դեպի հայրենիքս վերադառնալ, բայց արծաթի պակասության պատճառով նոր ի նորո ընկա հոգսերի մեջ։ Իմ բախտս փորձելու համար, գնացի մոտիկ բարեկամիս տունը, որ վաղուց ունեի Հնդկաստանում. նա ի գութ շարժվելով մի անիմանալի ազդեցութենից, կարծես թե միտքս իմացավ, և ինձ ճանապարհի ծախս տվեց։ Եվ նորա անունը շնորհակալությամբ եմ հիշում այստեղ․ այսպես հասա իմ հայրենիքը նորա ձեռնտվությամբ։ Բոլոր գերդաստանս տեսանելով ինձ, մի անպատմելի սուգ և ողբ բարձրացրեց իմ անակնկալ դրության վերա, բայց ես մի ուրիշ մարդ փոխվելով իմ թշվառ կյանքի հանգամանքից, երբ որ կամեցա, գոնե զայրացմամբ դադարեցնել ընտանիքս նոցա անօգուտ և ձանձրալի լացից, և ահա նույն րոպեին արթնացա խոր քնիցս. մոմս հանգել էր, սառն քրտինքը ճակատիցս կաթիլ-կաթիլ վազում էր և իմ գիրքը գրեթե բոլորովին թաց էր եղել արտասուքիս առատահոս հեղեղից։