Հուլիսին հասավ Մոսկվայից դեպի մեզ, Կասպից ծովի արևմտյան ափերի բնակիչներիս մի հայտարարություն, ավետիս տալով հայերին, թե ճռաքաղ ամսագիրը պիտի վերստին ծնանի ներկա 1860 ամի օգոստոսին, յոթն ամիս դադարելուց հետո։ Նորա հրատարակիչները պիտի լինին, որպես անցյալ տարի, Մսեր Մսերյանց և Զարմայր Մսերյանց, հայր ու որդի։ Անցյալ տարի, այս օրագրի պատվելի հրատարակիչները մկրտել էին նորան «ճռաքաղ ամսագիր բանասիրական» անունով. այս տարի ևս նույն անունը թողել են, բայց նոր մակդիրներ հավելացուցել, անվանելով նորան «Ամսագիր կրոնական, բանասիրական և ազգային գիտելյաց», թեպետ ուղղադատության և ուղղախոսության կանոնով առավել հարմար կլիներ ասել նորան Շաբաթագիր. պատճառ, ոչ ամսե ամիս, այլ երկու շաբաթը մի անգամ պիտի նա դուրս գա տպագրական մամուլից[1]։ Ինչևիցե բանը անունի վերա չէ թայց ահա թե ինչ խնդրի վերա է։
1856 թվականին Մագիստրոս Մսեր Մսերյանցը հրատարակեց մի գրքույկ «Յիշատակարան Լազարետնց տոհմի», հին, գրոց լեզվով։ Այս գրքի կարճ հառաջաբանությունը ավարտվում էր հետագա երկար և բարկասիրտ վերջաբանությամբ. «Ի մատենագրութեանս յայսմիկ, զգրոցն, այն է զհինն, զկանոնաւորն և զհարազատն մեր ի կիր արկի բարբառ, և ոչ զնորն չմշակեալ, իմա՛ զռամկացն, զկողմանց կողմանց զաշխարհիկն անուանեալ, ախազուր լեզու։ Զի որչափ համեղական և ազդոյ և գեղեցիկ առաջինն է, այնչափ անհամ է վերջինն, թոյլ, տգեղ, անհեթեթ և զուրկ միանգամայն ի կարի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան, որպէս շատք իսկ ոչ յաննշանից արանց, որ քաջահմուտք լեզուիս ճանաչին, վկայեն անաչառապէս»։
Մեք չենք կամենում ասել այստեղ, թե Հյուսիսափայլը այնչափ սաստիկ ազդեցություն ունեցավ քաջահմուտ հայկաբան Մսերյանցի վերա, որ նա գրեթե երկու տարի հետո, յուր կարծիքին հակառակ, հանձն առավ յուր ամսագիրը հրատարակել այն լեզվով, որ նա հայհոյում էր «անհամ, տգեղ, թոյլ, անհեթեթ» ածականներով։ Մեք կամենում ենք միայն խոստովանել մեր անհասկացողությունը. ըստ որում 1856 թվականին հիշյալ հառաջաբանությունը կարդալով, չկարողացանք հաշիվ ու համար տալ մեզ, թե պատվելի Մագիստրոսը ի՛նչ պատճառով
- ↑ Եթե խնդիրը անունի վերա է, ապա ավելի ուղիղ էր, անուն տալ այդպիսի օրագրին ոչ թե Շաբաթագիր, այլ Կիսամսագիր, որովհետև երկու շաբաթը մի անգամ է դուրս գալիս։ Ծան. Հրատ.