Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդպես անհամեստաբար, այո՛ և անիմաստաբար նախատում էր յուր ազգի աշխարհիկ անվանած լեզուն, յուր մայրենի լեզուն, որի մեջ ծնել է նա, որի վերա թոթովելով որպես քնքուշ մանուկ, ծծել է յուր մոր կաթը և որով այժմ ևս իբրև այր (տղամարդ), իբրև հայր գերդաստանի, խոսում է յուր ընտանիքի հետ, իբրև բարեկամ յուր սիրելիների հետ, որովհետև կույր բախտի վճռով, բարի հայերենից ուրիշ լեզու չգիտե[1]։ Եթե պատվելի Մագիստրոսի միտքը այն էր, որ ծանուցանե յուր գրքի ընթերցողներին, թե նորա գործը գրած է գրաբար ոճով և ոչ աշխարհաբար, ապա ավելորդ էր նորա որևիցե բացատրությունը այդ մասին․ պատճառ, ամենայն բանասեր հայկազն, գրքին նայելով, իսկույն կիմանար, որ դա գրաբար ոճով գրած բան է. այդտեղ անհնար էր սխալվիր։ Մի այդպիսի չնչին և դուզնաքյա պատճառ ընդունել, անիրավորություն կլիներ մեր կողմից․ պատճառ, մեք պատվելի Մսեր Մսերյանցը գիտնական և մտածող հայ ճանաչելով միշտ, նորա գիտության և հանճարի վերա մեր ունեցած կարծիքը պիտի փոխեինք այնուհետև և համարեինք նորան մեր հին և կանոնավոր, և հարազատ բարբառի, հաստ քերականության և հաստագույն ևս ճարտասանության մեջ միայն հալած մաշած, և զուրկ միանգամայն ի կարի կարևորացն կանոնաց տրամաբանության։ Մեք հեռի էինք և հեռի ենք այժմ ևս մի այդպիսի նախատական

  1. Մեր պատվելի նամակագիրը սխալվում է այդ բանի մեջ։ Եթե մեր հայերը վարվում են անիմաստաբար, շատ անգամ ընծայելով մի մարդու մի այնպիսի արժանավորություն, որ երբեք չունի նա, նույնպես անիմաստաբար է նոցա վարեցողությունը խլել մի մարդուց այն արժանավորությունը, որ նա ունի։ Քաղցր է Հյուսիսափայլի հրատարակողին պաշտպանել արդարության իրավունքը, ասելով, թե պատվելի Մսեր Մսերյանցը գործական կերպով շատ լավ գիտե տաճկերենը և ազատ խոսում է այդ լեզուն, որ կարելի էր ասել նորա երկրորդ մայրենի բարբառ, որովհետև նա ծնած ու սնած է Սմյուռնայում և արդեն չափահաս տարիների մեջ թողել է այդ քաղաքը։ Գիտնականաբար այո՛, չգիտե նա տաճկերեն, որովհետև կարդալ ևս չգիտե։ Պատվելի Մագիստրոսը չէ նույնպես ամենևին անծանոթ ռուսաց լեզվին, թեպետ արդարև չունի ոչինչ վարժություն խոսելու մեջ։ Ուրեմն անտեղի էր մեր կողմից խլել պարոն Մագիստրոսից այն տեղեկությունքը, որ նա ստուգապես ունի, բացի հայագիտութենից։ Ճշմարտությունը պիտո է խոստովանել, որին ևս վերաբերվում էր դա, անխտիր և արդարությամբ։ Զարմանում ենք, որ մեր նամակագիրը սար ու ձոր է ընկել, կամ թե այդպես երևում էր, չկարողանալով գուշակել այն հակառակաբանության պատճառը, որի մեջ ընկել է պատվելի Մագիստրոսը, երկու տարի առաջ հայհոյելով աշխարհաբար լեզուն, բայց հետո, երբ որ Հյուսիսափայլը հանդես է մտանում, կամա և ակամա հանձն առնլով գրել մի տեսակ աշխարհաբար։ Այդ ցավը, որից մտախոհ մարդը շատ բան կարող է իմաստասիրել, պատահել է շատերին, նույն պատճառով։
    Ծան. Հրատ.