Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծիքից մեր պատվական Մագիստրոսի վերա․ վասն որո կրկնում ենք և երեքկնում ենք, որ 1856 թվակ. չհասկացանք, թե ի՛նչ պատճառով զրահավորվել էր նա այնքան հայհոյական ածականներով ընդդեմ յուր մայրենի լեզվին, չհասկացանք նույնպես, թե ինչո՛ւ յուր հատուկ հեղինակության վերա չվստահանալով, սուտ վկայք է հառաջ բերում․ «շատ իսկ, ասում է, ոչ յաննշանից արանց, որ քաջահմուտք լեզուիս ճանաչին, վկայեն անաչառապէս»։ Բայց թե ո՛վ են այդ «ոչ աննշան արքը», հայոց խորթ որդիքը, որոնք այդպիսի անարժան ածականներով անարգում են մեր մայրենի լեզուն, նոցանից ոչ մինի անունը չէ հիշում պատվելի Մագիստրոսը։ Երևի, այդ ածականները շարել է պարոնը յուր հառաջաբանի մեջ լոկ արտաքին տպավորություն գործելու համար, մանավանդ թե անփորձ, կարճատես ու կարճամիտ մարդերի մեջ։ Թո՛ղ ներե մեզ պատվելի Մագիստրոսը. մեք այդ խնդրի մեջ կարող չենք ընդունել ոչ նորա հեղինակությունը և ոչ անաչառ վկայությունը նորա «ոչ աննշան արանց». պատճառ, ամենայն ընթերցող և մտածող հայ սրտի վկայությամբ խոստովանում է, որ աշխարհիկ անվանյալ լեզուն, չմշակված դեռևս, ոչ թե միայն չէ «անհամ, թոյլ, տգեղ, անհեթեթ և զուրկ ի կարի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան», այլև կարող է փոխ տալ մեռած գրաբարին և՛ համ, և՛ ազգուություն, և՛ գեղեցկություն, և՛ ուղղախոսության կարի կարևոր կանոններ[1]։ Մեր

  1. Մեր նամակագրին շատ բան ունի ասելու Հյուսիսափայլի հրատարակողը, միմյանց հետ կշռելով երկու կողմերի դատողությունքը և խոսքերը․ և ցավում է, որ ստիպված է ասել երկու կողմերին ևս, թե շեղված են ճշմարտության ճանապարհից, հառաջ բերելով մինը բարեմտաբար և մյուսը, անիմաստաբար խոսք ու զրույց, որ ոչինչ արժեք չունին գիտության դատաստանի առաջև։ Բայց միշտ սովոր է այդպես պատահել, երբ ոչ ոք ուսումնասիրում չէ այն խնդիրը, որի վերա կամենում է նա դատողություն գործել․ բայց մտածում է, ինչ որ յուր խելքին հասանելի էր, ծուռ ու սխալ և ինչ որ թելադրում էր նորան յուր կույր ախտը, յուր թշնամությունը և ատելությունը դեպի այս և այն ոք, այդ է ուղիղը և անսխալը․ վայ այն ազգին, որ այդպիսի պղտոր ու կեղտոտ աղբյուրներից պիտո է ստանա ճշմարտության լույսը․ բայց այդպես մինչև այժմ լինում է մեր անբախտ հայերիս մեջ. և այդ է պատճառը, որ հառաջադիմության հույս չկա մեզ։ Հյուսիսափայլի հրատարակողը նախ և հառաջ ամենևին հակառակ է նամակագրի կարծիքին, որպես թե Հայոց աշխարհաբար լեզուն, առանց որևիցե մշակության, ուներ այնքան ճոխ պատվականությունք, որ կարող էր տալ մեռած գրաբարին և՛ համ, և՛ ազգուություն, և՛ գեղեցկություն, և՛ ուղղախոսության շատ հարկավոր կանոններ։ Նույնպես կարող չէ նա չմերժել այն ռամկախոսությունը, որի վերա հիմնած է մեր, շատ սիրելի հիշատակի բարեկամ Ապովյանի Վէրք Հայաստանի գիրքը—մեք չենք խոսում այստեղ դորա մեծ խորհրդավոր բովանդակության վերա։ Եվ այժմյան նորախոս օրագիրքը, ըստ մեծի մասին անուս և անփորձ մարդերի աշխատությունք, կարող չեն գրավել յուրյանց համար գեղեցիկ