Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես հայտնում է, որ վճռել է մեկ առ մեկ վերլուծել Նազարյանի գրվածքները, որոնք ըստ նրա, չէին կարող դիմանալ լուրջ քննության։ Չերքեզյանն իր խնդիրն է համարում ցույց տալ հայ ազգին Նազարյանի լեզվագիտության չափը, այն հաշվով, որ ազգը «լուսավորություն սիրելով և համանգամայն ծարավի գոլով լուսավորության, մտածե, թե պե՞տք է արդյոք նորան դիմել այդ նոր բացված, պատառված կեղտոտ աղբյուրին» (1860,№ 13, էջ 98)։

Թե ի՞նչ հայացքներ էր դավանում Լազարյան ճեմարանի և Մոսկվայի համալսարանի շրջանավարտ, մոսկովաբնակ հայ բանասերը, երևում է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթին նրա տված գնահատականից։ Մանդինյանի «բարեհամբավ լրագիրը» նրա որակումով՝ «եղել է մեր Ռուսաստանի հայերի համար սիրելի ընթերցանություն, այնպիսի ընթերցանություն, որ ո՛չ միայն բավականացնում է ժամանակիս մտավոր պահանջմունքներին, այլև հանդիսանում է հզոր և արդար ախոյան լուսավոր ձևացած տգիտության և անբարոյական գրվածքների» (էջ 98)։

Բացի Չերքեզյանի հոդվածներից, որոնք տպագրվում են 13 և 31-37 համարներում, և որոնց կանդրադառնանք այլ առիթով, «Մեղուի» էջերում «Հյուսիսափայլի» դեմ այդ տարիներին տպագրվել են զանազան թղթակցություններ, բազմաթիվ այլաբանական ոտանավորներ, առակներ ու «երազներ»։

«Մեղուի» թղթակիցներից մեկը, օրինակ, Ալ. Հովակիմյան Շահազիզյանց Կամսարականը «մահվան դատավճիռ» է հանում «Հյուսիսափայլի» համար։ «Հայտնի է ամենեցուն,— գրում է նա,— որ շատ օգուտ է հասարակության՝ մահը մի նշավակյալ չարագործ և նենգամիտ մարդո։ Բայց հարյուրապատիկ և հազարապատիկ է մի ազգի համար դադարումն մի օրագրի, որ ունի նպատակ ստություն տարածելու իբրև ճշմարտություն և այնու մեռուցանելու գեղեցիկ սկզբունքները յուր ազգի» (1860, № 26, էջ 204)։

1861 թ. Մանդինյանը «Մեղուի» 6֊րդ համարում տպագրում է մի հոդված դարձյալ ուղղված «Հյուսիսափայլի» դեմ («Հյուսիսափայլի» 6, 7 և 8 ամսատետրակներումը 1860 թվականի տպագրած նամակների վերա»)։ Անդրեաս Պետրոսյան ստորագրությունը կրող այս հոդվածով «Մեղուի» խմբագրությունը հանդես էր գալիս Չերքեզյանի պաշտպանությամբ, որին իր «Հիշատակարանի» վերջին գլխում պատասխանել էր Նալբանդյանը։ Թունով լի այս հոդվածում միաժամանակ պատասխան էր տրվում Սադա Դավթյան Ալեքսանդրյանցի և Կիրակոս Մարգարյանի նամակներին, որոնք հանդես էին եկել «Հյուսիսափայլի» էջերոմ՝ այդ ամսագրի պաշտպանությամբ (տե՛ս «Մեղու Հայաստանի», № 6, էջ 44-48)։

1861 թվականին «Մեղու Հայաստանին» Նալբանդյանի «Հիշատակարանի» թարմ տպավորության տակ դեռևս սուր էր ճոճում «Հյուսիսափայլի» և Կոմս էմմանուելի դեմ։ Միայն 1862-ին է, որ վիճակը փոխվում է։ Եթե 1861-ին Նալբանդյանի հասցեին կարելի էր գրել «ստախոս», «երազաբան», «թափառական» և այլն, ապա 1862-ին, նրա ձերբակալությունից հետո, Նալբանդյանի հասցեին որևէ անպատշաճ բան չի գրվում։ Այս շրջանում «Մեղուն» հրատարակվում էր գլխավորապես Միքայել Պատկանյանի ջանքերով, և Մանդինյանն այլևս գերիշխող դեր չուներ խմբագրության մեջ։ Եվ ահա, 1862-ի աշնանը Մ. Պատկանյանը հնարավորություն է տալիս Մ. Միանսարյանին՝ համարից համար տպագրելու իր հավաքած ազգային բանաստեղծությունները։ Կից հոդվածում Միանսարյանը բացատրում է ազգային երգերի տպագրության անհրաժեշտությունը՝ «հայրենի լեզուն սովորելու և տարածելու», ինչպես և «ազգայնության և հայրենասիրական ոգին արթնացնելու և զարգացնելու համար (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1862, № 47, էջ 186)։ Շատ խորհրդանշական