Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այվազովսկին հաղորդում է, որ իր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն, հայերը (в княжествах) մինչև վերջինը՝ Գաբրիելի պարտիզաններն են։ Նրանց ոգևորությունն անսահման է եղել, երբ իմացել են Դելյանովի նամակի մասին, և ամենքը շտապել են այդ լուրը հաղորդել Կ. Պոլսի, Մոլդավիայի, Պարսկաստանի իրենց բարեկամներին, ի վերջո Հ. Այվազովսկին հասնում է բուն խնդրին. «կասկած չկա, որ եթե վերոհիշյալ պատճառներով արգելքներ չծագեն, ապա նա կընտրվի, եթե մանավանդ դուք միջնորդեք Պետերբուրգի և Անդրկովկասի [բարձր] շրջաններում», (Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթ· 104, գործ առանց համարի, վավ. 78)։ 24 օր անց, ապրիլի 6֊ին, Հ. Այվազովսկին մի նոր նամակ է հղում Խ. Լազարյանին և հայտնում, թե եղբորը թերևս հնարավոր լինի եպիսկոպոս ձեռնադրել Կ. Պոլսում, եթե դրա համար ցանկություն դրսևորեն հոգևոր ժողովը, պատրիարքը և Սսի կաթողիկոսը, որը կարող է հաստատել այդ ակտը։ Այնուհետև Այվազովսկին ավելացնում է, թե կաթողիկոսության համար չէ, որ Գաբրիելին հարկավոր է շտապով հասնել եպիսկոպոսի աստիճանին, այլ որպեսզի նա Քիշնևում դառնա թեմակալ առաջնորդ։ «Այդ նպատակին հասնելուն դուք կարող եք շատ օժանդակել»,— գրում է Հ. Այվազովսկին և խնդրում Լազարյանից, հայերեն լեզվով երկու նամակ ուղղել Կ. Պոլսի հոգևոր ժողովին և պատրիարք Հակոբոսին։ «Երբ նրանք բոլորը կտեսնեն Ձեր շահագրգռվածությունը և օժանդակությունը՝ եղբորս եպիսկոպոս ձեռնադրելու հարցում, ապա հավանաբար կանեն ամեն հնարավորը։ Այստեղ, այդ՝ բոլորի համոզմունքն է»։ Նամակագիրը կրկին խնդրում է շտապել, որպեսզի երբ ինքը և եղբայրը հասնեն Կ. Պոլիս, Լազարյանի նամակները ստացված լինեն տեղում։ Հ. Այվազովսկին շարունակում է. «Երկրորդ խնդիրքս այն է, որ դուք միջնորդեք Պետերբուրգի [վարչական շրջանների] և Էջմիածնի Սինոդի առաջ, եղբորս Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ նշանակելու, որը նա կարող է վարել և առանց եպիսկոպոս լինելու։

Ինչ վերաբերում է կաթողիկոսությանը, ապա այդ պետք է թողնել իրերի բերմունքին, թեև բոլոր նամակներն ու լուրերը միանգամայն բարենպաստ են եղբորս համար։ Սակայն նրան վախեցնում է թե այդ [պաշտոնը] շատ ծանր կլինի, ուստի ավելի շուտ ցանկանում է առայժմ դառնալ թեմակալ առաջնորդ»։ (Նույն տեղում, վավ. 79)։

Ինչպես ցույց է տալիս հարցի պատմությունը, Լազարյանն իսկապես զբաղվել է Այվազովսկի եղբայրների խնդրանքով։ Հիմա արդեն բանասիրության համար պարզ է դառնում, թե ի՞նչ պարագաներում է Գ. Այվազովսկին 1857 թ. Ռուսաստան գալուն պես իսկույն նշանակվում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ։

տ. 35—37. ...և եղբայրն.․․ ի կաթողիկոսութիւն — Նալբանդյանի ակնարկից պետք է ենթադրել, որ Հ. Այվազովսկին հարցումներ է արել իմանալու, թե արդյոք հայ եկեղեցու պատմության մեջ եղե՞լ են նմանօրինակ դեպքեր, երբ ցածրաստիճան հոգևորականը միանգամից ընտրվեր կաթողիկոս։

Էջ 229, տ. 1. յուեալ զԶաքարիայի դիպումն՝ ուրախ լիներ —ժամանակակիցներին հավանաբար հայտնի էր դարձել ոչ միայն Գ. Այվազովսկու եղբոր այդ օրերի մտահոգությունը, այլև նրա ուրախությունը, երբ իր հարցին բավարար պատասխան է գտել՝ ծանոթանալով Զաքարե Ձագեցի կաթողիկոսի կենսագրությանը։ Վերջինս եղել էր հոգևորական ստորին աստիճանի գործիչ (կամ նույնիսկ աշխարհական)։ Մեկ օրում նրան ձեռնադրում են տիրացու և քահանա, այնուհետև՝ եպիսկոպոս և իսկույն ընտրում կաթողիկոս (855-876 թթ․)։