Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարիներ անց, «Պատմություն Խալիպյան ուսումնարանին» գրքում Այվազովսկին շարունակում է կրկնել հինը. քանի որ կաթողիկոսի հատուկ կոնդակով իր գիրքը չի դատապարտվել, ապա նրանում դավանաբանական մեղանչումներ չկան (էջ 94)։

Ինչևիցե, կաթողիկոսի վերաբերմունքը Այվազովսկու նկատմամբ մնում է անփոփոխ։ 1863 թ. աշնանը Այվազովսկին մեկնում է էջմիածին՝ բացատրություն տալու «Վարդապետարանի» վերաբերյալ և եպիսկոպոս ձեռնադրվելու։ Սակայն, Պետրոպավլովյան ամրոցում փակված Նալբանդյանի զինակիցները կանխում են նրան։ Այվազովսկու հետ միաժամանակ էջմիածին է հասնում Նոր Նախիջևանի համայնքի կողմից ուղարկված ներկայացուցիչ՝ Անանիա Աուլթանշահը։ Կաթողիկոսը սառնությամբ է ընդունում Այվազովսկուն, լսում նրա բացատրությունները «Վարդապետարանի» և այլ աշխատությունների մասին և, ինչպես հետագայում պատմում է Այվազովսկին, «ըստ խորհրդոյ Սուլթանշահյան բժշկին, գուցե և այլոց ոմանց», հաշիվ է պահանջում Գաբրիել վարդապետից, նրա ղեկավարած թեմի եկեղեցական գումարների մասին։ Այվազովսկին ներկայացնում է մոտավոր հաշիվներ, տալիս է անհրաժեշտ բացատրություններ, որոնք կաթողիկոսն անտարբերությամբ է լսում և, հիվանդ ձևանալով, չի շտապում նրան ձեռնադրել եպիսկոպոս։ Մի քանի օր անց նա իսկապես հիվանդանում է և՝ «Սոլլթանշահյան բժշկեն զատ ուրիշ մարդ չէր ընդուներ քովը («Պատմություն Խալիպյան ուսումնարանին», էջ 152)։

Այվազովսկին վերադառնում է Նոր Նախիջևան։ Նրա մեկնելուց անմիջապես հետո Մատթեոս կաթողիկոսը Նոր Նախիջևան է ուղարկում Անդրեաս եպիսկոպոսին՝ քննելու վիճակի գործերը։

Որ Նալբանդյանը լավատեղյակ էր այս անցուդարձին, երևում է բերդից գրած նրա մի շարք նամակներից և «Բերդի հիշատակարանի» գրառումներից։ Իմանալով Անանիա Սուլթանշահի էջմիածնում գտնվելու մասին, Նալբանդյանը հետևում է նրա անցած ճանապարհին։ Այսպես, 1863 թ. դեկտեմբերի 14-ին Նալբանդյանը «Բերդի հիշատակարանում» նշում է. «Նամակ ստացա եղբորիցս երեկվա թվականով։ Հայտնում է, թե Սուլթանը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Թիֆլիսից»։ 16-ը դեկտեմբերի. «Այսօր իմացա, թե Սուլթանը դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Տաք ջուրից»: 21-ը դեկտեմբերի. «Նամակ ստացա եղբորիցս, որով հայտնում է... Սուլթանի Նախիջևան գալը» (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, էջ 291)։

Նալբանդյանն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում Անդրեաս եպիսկոպոսի առաքելության նկատմամբ և անհրաժեշտ ցուցումներ տալով իր բարեկամներին, ամեն կերպ ջանում է քննությունը դնել լուրջ հունի մեջ։ Այսպես, դեկտեմբերի 7-ին Հովհաննես եղբորը գրած նամակում յոթ կետից բաղկացած հանձնարարություն է անում, որպեսզի նա իր անունից «դիմեր Անդրեաս արքեպիսկոպոսին և խնդրեր վերոհիշյալ գործի մասին՝ հանուն արդարության, խստապահանջ արդարության» (ԵԼԺ, հ. IV, էջ 237)։

1864 թ. հունվարի 22-ին դիմելով Գրիգոր եղբորը, Նալբանդյանը գրում է. «Լսել եմ, Որ դու լինում ես նորերումս Նախիջևան ժամանած Անդրեաս եպիսկոպոսի մոտ. հաղորդիր նրան իմ բարևը։ Ի սրտե հաջողություն եմ ցանկանում նրան իր գործերում» (ԵԼԺ, հ. IV, էջ 244)։

Սակայն հիմնավոր ցուցումները նա տալիս է Անանիային, վերջինիս ուղղված՝ 1864-ի հունվարի 1-ի թվակիր նամակում։ Հանգամանորեն շարադրելով Նախիջևանի իրադարձությունների վերաբերյալ իր նկատառումները և անուղղակիորեն զինելով բարեկամին, Նալբանդյանը վերջում ավելացնում է. «Հայտնիր նրան [Անդրեասին] իմ ակնկալՈւթյունը։