Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ կրքով ու տրամաբանությամբ։ Հեղինակն օգտվում է այլաբանական պատկերների նալբանդյանական հարուստ զինանոցից, ազատ կերպով օգտագործում է Նալբանդյանի գրական հնարքները, գրեթե բառացի վերհիշում «Հիշատակարանի» զանազան հատվածները։ Նամակագիրը Կոմս էմմանուելին է դիմում Սերովբե Խաչատուրյան Շահբեգի մտերմիկ եղանակով ու ինքնավստահությամբ։

Սակայն ինչո՞վ բացատրել այն, որ Նալբանդյանն անհրաժեշտ է գտել արտասահմանյան ուղևորության ճանապարհին. Անդրկովկասում գտնված միջոցին, ի թիվս այլ կարևոր գործերի՝ զբաղվել նաև այլաբանական այս նամակով։ Ինչո՞վ բացատրել նամակի տպագրության հապաղումը «Հյուսիսափայլում», ինչու՞ էր Նալբանդյանը գրում կովկասյան՝ իր համար անսովոր խոսակցական լեզվով և մի փոքր «հասարակ» ոճով։

Այդ նամակի գրության անհրաժեշտությունը բացատրվում է այն անբարենպաստ մթնոլորտով, որն ստեղծվել էր «Հյուսիսափայլի» համար և որը գրեթե սպառնագին է դառնում 1860 թ. վերջերին և 1861֊ի սկզբին։ Ինչպես արդեն խոսք եղավ «Հիշատակարանի» ծանոթագրությունների բաժնում, բանավեճը ժամանակի թերթերի և «Հյուսիսափայլի» միջև 1860-ին հասնում է իր բարձրակետին։ Հակառակորդ բանակի պարբերականները մեծ համերաշխությամբ հարձակում էին ձեռնարկել Նազարյանի ամսագրի դեմ և մոտ էին այն դադարեցնել տալու՝ իրենց նպատակի իրագործմանը։ Այդ հարձակումները, ինչպես տեսանք, արտահայտվում էին և՛ հրապարակախոսական հոդվածների, և՛ բանավեճերի, և՛ կառավարությանն ու կաթողիկոսին ուղղված դիմումների ձևով։ Արդեն 1860 թ. ապրիլին, Գ. Այվազովսկին Հ. Խալիպյանին գրած նամակում հայտնում էր, թե «Հյուսիսափայլը» դադարեցված է կառավարության կողմից։ Թեև նրա ստացած լուրերը հավաստի չէին, բայց կարճ ժամանակից նման վտանգ իսկապես սպառնում էր «Հյուսիսափայլին»։ Ամսագրի քննությամբ զբաղվում էին սինոդը, ներքին գործերի և լուսավորության մինիստրությունները, Պետերբուրգի գրաքննական կոմիտեն։ Իրենց հերթին ռեակցիոն լագերի զանազան գործիչներ քննության անվան տակ անդամահատում էին Նազարյանի գրքերի յուրաքանչյուր տողը, այլևայլ գրչակներ, հետադիմական պարբերականների էջերում տպագրում էին այլաբանական ոտանավորներ, երազներ ու տեսիլներ։ Այդ ելույթները եթե կրթված ընթերցողների վրա առանձին տպավորություն չէին գործում, միջին մակարդակի ընթերցողների աչքում վարկաբեկում էին «Հյուսիսափայլը» և դրա խմբագրին։

Այսպես, «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. 4-րդ համարում Մանդինյանը տպագրում է բանաստեղծ Պետրոս Մադաթյանի (Սեյադ) «Տեսիլ» բանաստեղծությունը՝ ուղղված Նազարյանի դեմ։ Պասկվիլային այս ոտանավորի հեղինակը ծաղրում էր Նազարյանի գիտական աստիճանը, նրան համարում ազգուրաց և անսիրտ մի գործիչ, որն իբրև գիտնական լինելու նշան՝ դժոխքից նվեր էր ստացել մի ավանակի գլուխ։ «Մեղվի» խմբագիրն անուղղակիորեն հիշում է և Նալբանդյանին, այդ բանաստեղծության տողատակի ծանոթության մեջ ակնարկում, որ ծանոթ է «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետին։ «Այս գիտնական բառը,— գրում է Մանդինյանը,— պրոփեսոր է նշանակում և հուսամ, զի բարեմիտ ընթերցողք զիս արժանի ներողության կհամարեն, վասնզի որպես արքայությունն, նույնպես և դժոխքն ունին զզանազան գիտնականս, որպես վկայե և քաղցրաբան Բարոն Բրամբեուսն» («Մեղու Հայաստանի», 1860, № 4, էջ 28)։

Այնուհետև Մանդինյանը պարբերաբար տպագրում է Ջ. Մսերյանի թղթակցությունները Մոսկվայից, որոնց հեղինակը չարախոսում էր «Հյուսիսափալի» հասցեին, հայհոյում Անանիա Սուլթանշահին, նրա «Հայոց ազգի լուսավորիչքը» գործի առիթով, դատողություններ