Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպքում էլ խորհրդավոր այդ երիտասարդների պատմությունը պտտվում է շատ լուրջ առաջարկաների վրա, թեև հեղինակը երևակայական զրույցի շղարշի օգնությամբ գրաքննության ուշադրությունը փորձում է շեղել ազգային ցավերի շուրջ արվող խորհրդածություններից։

Ուշադրության արժանի է ևս մի մանրուք․ գործարանի (Ներսիսյան դպրոցի) անցուդարձին ականատես խոսակիցը հետևյալ զեղումով է սկսում իր պատմությունը. «Ո՜վ դու անմահ պատմություն, ասաց նա, և դաստիարակություն ամենայն մարդու, և անաչառ դատավոր ամենայն գործերի, քե՛զ եմ հանձնում իմ խոսքերը, որ հավերժացնես քո հիշատակարանների մեջ» (էջ 288)։ «Հռոմեական նամակը» նույնպես, ինչպես Շահբեգի գերության տեսարանը, կառուցված է երազի հենքի վրա։ Այս զուգահեռների մեջ դժվար չէ նկատել հեղինակային ձեռագրի նույնությունը։

Ինչ վերաբերում է Նալբանդյանի լեզվի և «Հռոմեական նամակի» լեզվական առանձնահատկությունների հարցին, ապա այս դեպքում ևս չպետք է մոռանանք Նալբանդյանի լեզվաոճական զինանոցի հարստության փաստը և ցանկացած դեպքում ցանկացած ոճով գրելու նրա մեծ հմտությունը։ Անցյալ դարի 60-ական թվականներին շատ քչերին կարելի է մատնացույց անել, որոնք գրում էին կազմակերպված գրական լեզվով։ Դրանցից առաջիններից էր Ստ. Նազարյանը, բայց նա հանդես էր գալիս միմիայն հրապարակախոսական հոդվածներով «Հյուսիսափայլի» մյուս թղթակիցները ամսագրին ուղարկում էին գերազանցապես «լուրջ» ժանրի գործեր։ Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել Նալբանդյանի և՛ գրելաձևը, և՛ դրական հնարանքների՝ «Հյուսիսափայլից» եկող միջոցների օգտագործումը, որը լուրջ կռվան է «Հռոմեական նամակի» հեղինակի հարցը վճռելիս։

Մի քանի խոսք «Հռոմեական նամակի» գրության շարժառիթների մասին։

Սարգիս Ջալալյանի առաջնորդության շրջանում, 1857 թ. Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնից հեռացվում է իր ժամանակի կրթված անձանցից մեկը՝ առաջադեմ մանկավարժ Պետրոս Շանշյանը։ Նրա փոխարեն նշանակվում է մանկավարժական աշխատանքին խիստ անհամապատասխան մի անձնավորություն, Ջալալյանի համախոհ Դավիթ Արզանյանը: Վերջինս մեծ եռանդով աշխատում է դպրոցի կյանքից ջնջել Շանշյանի գոր ծունեության բոլոր հետքերը։ Հետապնդում է այն աշակերտներին, որոնք համակրում էին նախկին տեսչին. հալածվում են «Հյուսիսափայլով» հետաքրքրվող աշակերտները, որոնց Արզանյանը «Նոր Նազարյանք» անունն էր տալիս։ Կարճ ժամանակից՝ առաջնորդը, տեսուչը և դպրոցի հոգաբարձուները վճռում են դպրոցից հեռացնել նաև վերակացու Քաթանյանին, որն ամեն կերպ ջանում էր պահպանել շանշյանական մանկավարժական ավանդները։

Բարձր դասարանի աշակերտները, լսելով այդ մասին, խնդրում են առաջնորդին, Արզանյանին և հոգաբարձու Ալ. Թայիրյանին, իրենց չբաժանել սիրելի վերակացուից։ Բաւց 1858 թ․ նոյեմբերի 2-ին Քաթանյանն արձակվում է պաշտոնից. այդ օրը երեկոյան նա մտնում է աշակերտների կացարանը և հրաժեշտ տալիս իր սաներին։ Վերջիններս խիստ հուզված կատարվածից՝ իսկույն շտապում են տեսչի մոտ և պահանջում ետ կանչել Քաթանյանին։ Աշակերտների գրգռված տոնը զայրացնում է Արզանյանին, և նա սպառնում է պատժել նրանց։ Աշակերտներն այդտեղից ուշ երեկոյան մտնում են առաջնորդի մոտ, բայց կրկին սպառնալիքներ են ստանում: Վերադառնալով դպրոց, նրանք իրենց սենյակների դուռը փակ են գտնում. պարզվում է, որ ներսը ոստիկանական կվարտալնիները հաշվեհարդար էին տեսնում փոքրահասակ աշակերտների հետ։ Տեսնելով «խռովարարներին», Թայիրյանը կարգադրում է դրանցից հինգ հոգու տանել ոստիկանատուն, իսկ