Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախիջևան քաղաքը մինչև այսօր վայելում է այս իրավունքները և առանձնաշնորհությունքը. մինչև այսօր քաղաքական կառավարությունը գտանվում է հայ քաղաքագլխի և հայ դատավորների ձեռքում, որ վիճակով ընտրվում են հասարակության կամեցողությամբ, երեք տարի ժամանակով։ Ոչինչ ավելի լավ կառավարություն չէր պիտո ցանկանալ հայերի համար, եթե այդ ընտրությունքը միշտ հառաջանային ուշ դնելով քաղաքի և հասարակության պիտույքին, եթե մասնավոր և անձնական բաները խափանարկու չլինեին ընդհանուր օգտին։ Նախիջևանը գտանվում է Դոն գետի աջակողմյան ափում, մի բավական բարձր սարի վերա. ափսո՛ս որ քաղաքի շինվածքը չեն սկսանվում իսկույն գետի ափից, դորա հակառակ գետեզրից կես վերստ ճանապարհ պիտո է կատարել մինչև քաղաքի սկիզբը։ Պատմում են, թե կամեցած էին սկզբումը գետի ափից սկսանել քաղաքաշինությունը, և որպես թե փորձ արած էին մի քանի մարդիկ բնակություն հաստատելու գետի մոտ, բայց ավազակներից երկյուղը ստիպել էր նորանց հեռանալ այդ տեղից։ Պիտո է կարծել, որ անհիմն է այդ պատճառը, որովհետև քաղաքի կենտրոնը, ուր գտանվում է Ավագ եկեղեցին, և գլխավոր հրապարակը, այլև մյուս եկեղեցիների համարյա թե միաչափ հեռավորությունը կենտրոնից, սորա չորս կողմով, ցույց են տալիս, որ քաղաքի հիմնարկությունը եղած է առանց ուշադիր լինելու այն օգուտներին, որ հառաջանալու էին գետի մոտավորութենից։ Ինչպես և եղած լիներ այս, միայն քաղաքը բավական գեղեցկաշեն է, տուները եվրոպական ճարտարապետությամբ, մանավանդ որ գտանվում էին քաղաքի կենտրոնում, համարյա՛ թե բոլորը քարից ու աղյուսից շինած։ Եկեղեցիքը, որ վեց հատ են թվով, հոյակապ և ամենևին նոր ճարտարապետության կանոններով, որոնցից ավագը, սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, գտանվում է քաղաքի մեջտեղը մի մեծ հրապարակի վերա։ Մոտ տեղեր Նախիջևանի շրջակայքում չկան այդպիսի հոյակապ տաճարներ։

Մի ցավելի բան է, որ ոչ մի հոյակապ շինվածք չկա այդ քաղաքի մեջ, որ պատկաներ հասարակության և շինված լիներ մի բարոյական խորհրդով, զորօրինակ թեատրոն, մատենադարան, ժողովարան և կլուբ։ Ամենայն շինվածք մեծ թե փոքր, սեփականություն են մասնավոր մարդերի։ Քաղաքը ունի մի քանի խանութներ հին ժամանակներից շինած, որ վարձու է տալիս և որոնք բոլորովին ծերացած լինելով, այսօր, վաղը հույս ունին հանգստանալ բնության գոգումը։ Գետի ափը մինչև նոր Ժամանակներս չուներ մի հարմարավոր նավահանգիստ․ մի քանի տարի է, որ քանի մի հարուստ մարդիկ շինելով այնտեղ գեղեցիկ ամբարներ