Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այլ շինվածք, այլև բավական մեծ ծախքով սարի հետնակողմը փորելով և նորա քար ու հողը շինութենների առաջևներումը լցնելով բավական խոր մտան գետի մեջ, և այս լցված հող ու քարը ջրի երեսից երկաթակապ հաստ գերաններով և փայտերով պատելով հառաջացուցին զանազան նավահանգիստք, որ մի գծի վերա լինելով այլև միմյանց մոտ, կազմում են այս րոպեիս մի բավական տարածուն նավահանգիստ։ Սոցանից ամենափառավորը, թե աղյուսակերտ շտեմարաններով և թե այլ հոյակապ շինությամբ, պատկանում է ժառանգական պատվամեծար քաղաքացի և առաջին կարգի վաճառական Հայրապետյան եղբարց։ Ցավելի է նույնպես գետի սակավաջուր լինելը հուլիս և օգոստոս ամիսների մեջ, կամ երբ երկար ժամանակ փչում էին արևելյան քամիները, որովհետև խափան է լինում մինչև անգամ միջակ նավերի ընթացքին։

Օդը այդ քաղաքի բավական լավ է և բավական մաքուր և չորչկան նորա մեջ այն անմաքրությունքը, որ երևում են մոտակա քաղաքների մեջ, որպիսի է Ռոստովը։ Ջուրը նույնպես քաղցրահամ և մաքուր, որ հոսում է մի ապառաժից, ոչ շատ հեռի գետի ափից քաղաքի հարավային արևելյան կողմից։

Քաղաքը մերկ է ծառաստանից․ ոչ թե միայն չկան հրապարակական ճեմելիք կամ պարտեզք, այլև շատ սակավ կգտանվի այնպիսի տուն, որ մի երկու ծառ ունենար յուր բակում։ Թեև բոլոր բնակիչքը մեծ նեղության մեջ էին ցեխի երեսից, երբ սկսանում էին գարնանային և աշնանային անձրևները կամ ձյունհալը, այնուամենայնիվ դեռևս ո՛չ մինը քաղաքի գլուխ ընտրված պարոններից հոգ չէ տարել քաղաքը սալահատակ առնելու մասին, թեև շատ հեշտ ճանապարհ ուներ, կանոն դնելով ամենայն քաղաք մտանող շինականների սայլերից պահանջել, մի սալ քար ներս բերել քաղաքը, ինչպես սովորություն էր Տագանրոգի մեջ։ Եվ պիտո է ասել, որ այս ճանապարհով շատ շուտով հառաջ կգնար բանը, որովհետև ամառները և մանավանդ աշունքին հաշիվ ու համար չունին այդ քաղաքը մտած սայլերը, ցորենով, սեխով, ձմերուկով, այլ ունդեղեններով և այլն, և այլն։

Քաղաքը կամ նորա շրջակայքը չունին մի առանձին բերք, որ հատկապես նորան պատկանեին։ Նոր ժամանակներումս լսվում է, թե ձկնորսությունը Դոնի մեջ բավական հառաջադեմ է. այլև կարելի է հիշատակել այն, որ ամենայն տարի աշնան ժամանակ, մորթվում են այդ քաղաքում բյուրավոր ոչխարներ, որոնց ճարպը (ճրագուն, сало) ուղարկվում է սահմանից դուրս։ Շատ ժամանակ չէ, որ մի ֆրանսիական