Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապացույցը հետո մեջ կբերեմ, ուրիշները միլիոններ հավատում են միմյանց, դուք ինձ մի չոր ապացույց չե՞ք հավատում... Մեղուն ձեզ երաշխավոր... Պ. Իսահակյանցը Մեղուի 14 համարում ասել էր, թե «այն ժամանակ ազգը արժանի էր մեղադրության, եթե գիտության և հառաջադիմության տունը ավազակների այր շինած լիներ»․ նշանակում է, թե ազգի մեջ կա գիտության և հառաջադիմության տուն, և шզգը ավազակների այր չշինելով, արժանի չէ մեղադրության։ Բայց ես չտեսանելով մի այդպիսի տուն հայկական անշեն անապատի մեջ, հարց արեցի պ․ Իսահակյանցից, թե ո՞ւր էր այդ տունը, որին պատասխանում է նա, թե «այժմ ժամանակ չէ խոսելու, հետո կգրեմ»։ Ի՛նչ պիտի գրե. ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը, հետո նորա՞ գործ է գրել այդպիսի բան. սխալվում է, եթե հույս ունի Մասյաց դարևանդի Մուզայի վերա։ Թող հայտնի լինի պ. Իսահակյանցին, որ ազգը մեղադրվում է ոչ թե եղած տունը ավազակների այր շինելու համար, այլ մի այդպիսի տուն մինչև այժմ ամենևին չշինելու համար։

Պ. Իսահակյանցը թույլ է տալիս ինձ Անգլիա գնալ, հարուստ ընկերութենների անդամ դառնալ, թռչնավաճառությամբ պարապիլ և օգուտների մի բաժինը ստանալ։ Տեսանո՞ւմ եք, սիրելի ընթերցողք, ինչպես բարի սիրտ ունի պարոնը, ամենևին խափան չէ իմ Անգլիա գնալուն։ Հավատալով նորա բարեսրտության վերա կարծում եմ, որ եթե Ֆրանսիա և Ավստրիա ևս գնալու լինիմ, նույնպես կարող եմ երթալու հրամանագիր ստանալ պ. Իսահակյանցից։ Ցնծա՛ Շահբեգ, աշխարհի ամենայն կողմը ճանապարհդ բաց է, պասպորտ տվողդ պատրաստ, ո՞ր օրիդ ես սպասում, ի՜նչ ես փտում Րեդուտկալեում։ Աստուծո սիրուն ասացեք, ի՛նչպես չսիրես այդպիսի մի մարդ, ճշմարիտ, եթե Ղզլարից դեպի Րեդուտկալե երկաթի ճանապարհ լիներ, անպատճառ կնքահայր ևս կշինեի նորան, մանավանդ բամբասողների սրտերը պատառելու համար։ Բայց պ. Իսահակյանցի այս մեծահոգության առաջև սևերես չմընալու համար, պիտո է նորան մի բարի խորհուրդ տալ. արդյոք ավելի օգտակար չէ՞ր պ. Իսահակյանցին և հայոց ազգին, եթե առաջինը թողնելով Ղզլարի մանկավարժությունը Եվրոպա գնար, և մտաներ այն տեղի դպրոցների մինի մեջ (տարակույս չկա, որ աշակերտի պես) և գո՛նե այնքան բան ուսաներ, որ նորա մտածությունքը մարդավայել դառնային, և խոսելու ժամանակ դահճի պես չվարվեր լոգիկայի հետ։ Տեսանենք այս բարի խորհուրդը ի՜նչ ազդեցություն կգործե մուզաների բարեկամի վերա։