Ես ասել էի, թե «ազգը էապես անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունի պ. Իսահակյանցը, որովհետև մերկացնում էին ազգի ծածուկ պահած վերքերը, վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛. և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ, այն սուտ ազգասերքը, որ խեղճ ողորմելի Մեղուին լծել են մի սայլի և ինքյանք լցվելով մեջը հարկադրում են նորան ավելի մեծ ասպարեզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսավորության մեջ, քան թե բնությունը կարողություն էր տվել Մեղուին: Այդ սուտ ազգասերքը անարգում են ազգի անունը ամենայն եվրոպացի մարդու առաջև, որովհետև այն մարդը, որ չէր խոստովանում յուր պակասությունքը, չուներ ուրեմն և սեփական արժանավորություն և այլն»։
Պ. Իսահակյանցր գրում է. «Պարոն, խելացի և գիտուն մարդը կդատե յուր ազգը, բայց չի դատապարտիլ, նորա վերքերը կտեսնի փաթաթելու, չէ թե արևուն ցույց տալու համար, թե որ ազգը պակասավոր լինելու համար անարգում են, թող նոքա որոնեն յուրյանց համար մի այլ անբիծ աշխարհ և այլն, և այլն»։
Ես ասել էի, վերքերը բացում են վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, և բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, բայց պ. Իսահակյանցին թվել է, որ ազգի վերքերը արևին են ցույց տալիս։ Խիրուրգիայի մեջ այդպիսի բան չկա, բայը գուցե պ. Իսահակյանցր վիրաբուժություն բառը փոխանակ խիրուրգիա հասկանալու կարծում է թե գաստրոնոմիա է. արդարև այդ արվեստի մեջ շատ բան ցույց են տալիս արևին չորացնելու և ապուխտ շինելու համար. բայց դարձյալ վերքեր չէին, որ չորացնում են. գաստրոնոմիան գործ ունի առողջ անասունների հետ, ցավագար և վիրավոր անասունքը գաստրոնոմիային ևս հարկավոր չեն, մանավանդ որ բժշկական պոլիցիան սաստիկ արգելում է այդպիսի չարագործություն։ Ես ասել էի, որ պ. Իսահակյանցի աչքումը միևնույն հարգ ու արժանավորություն ունին, թե ազգը և թե նորա պակասությունքը. ասածս դարձյալ ապացուցանում է այդ պարոնը ասելով, թե «ազգը պակասավոր լինելու համար անարգում են և այլն»։ Դու հազար անգամ ասա մի այդպիսի պարոնի, թե ազգը չեն անարգում, այլ դատապարտում են ազգի պակասությունքը. ազգը ինքը պակասություն չէ. այլ է ազգը, և այլ է ազգի պակասությունքը։ Անարգելով ազգի պակասությունքը, ոչ թե միայն չես անարգում ազգը, ոչ թե դառնում ես նորան թշնամի, այլ բուն բարեկամ, ըստ որում ցանկացել էիր ազատված տեսանել նորան ամենայն պակասութեններից։ Եվ այդ